Մշակույթ

Իսկական արվեստը պետք է ապրի իր ազգի ճակատագրով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Իսկական արվեստը պետք է ապրի իր ազգի ճակատագրով, զգա նրա զարկերակը, հակառակ դեպքում այն դատապարտված է»,-ասում է վաստակաշատ կինոօպերատոր Լաերտ Պողոսյանը: Վերջին տարիներին նա բնակվում է Միացյալ Նահանգներում։ «Հայաստանից մեկնել եմ ոչ այն պատճառով, որ այստեղ, ինչպես շատերն են ասում, ապրելու տեղ չէ, պարզապես պետք էր աղջկաս կողքին լինել, օգնել նրան: Հարազատներիս մեծ մասն այստեղ են ապրում: Ամեն տարի գալիս եմ Հայաստան, հանգստանում Սոլակի մեր հարազատ տանը»,-ասում է վաստակաշատ արվեստագետը, ով երեկ հանրության դատին հանձնեց «Իմ կյանքի էջերից» գիրքը: 

82-ամյա կինոօպերատոր Լաերտ Պողոսյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է: 1958 թվականից նա աշխատել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիայում որպես կինոօպերատոր: Նկարահանել է 100-ից ավելիի վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, համագործակցել ժամանակի լավագույն ռեժիսորների, դերասանների հետ: Ստեղծագործական 55 տարիների կուտակումները գրքի են վերածվել, որը երեկ Լաերտ Պողոսյանը հանձնեց հանրության դատին։

«Իմ կյանքի էջերից». այսպես է կոչվում գիրքը, որը , հեղինակի բնորոշմամաբ, իր կյանքի հուշապատումն է. դեմքեր, դեպքեր, որոնք անջնջելի հետք են թողել նրա կենսագրության մեջ: Նրանցից շատերին այս գրքում յուրովի ես բացահայտում, ինչպես օրինակ հնաճարեղ ռեժիսոր Արտավազդ Փելեշլյանին: Լաերտ Պողոսյանը նկարել է նրա գրեթե բոլոր ֆիլմերը: 1967 թվականից սկիզբ առած նրանց համագործակցությունը շատ արագ վերածվել է ընկերության: «Որքան հետաքրքիր, այնքան էլ դժվար մարդ ու ստեղծագործող է Արտավազդ Փելեշյանը, ինչ որ տեղ տարօրինակ, մի բան, որ հատուկ է հանճարներին»,- ասում է Լաերտ Պողոսյան ու հիշում մի դրվագ, որն առնչվում է Փելեշյանի «Մենք» ֆիլմին։

«Ավելի քան մեկ տարի «Մենք» ֆիլմի ցուցադրությունն արգելված էր: Վերադաս պատասխանատուներից մեկը ֆիլմը դիտելուց հետո առանձնազրույց ունեցավ Փելեշյանի հետ, որին ներկա էի և ես։ «Արթուր, ֆիլմը հիմնականում ինձ դուր եկավ, բայց մի հարց ունեմ, ինչի՞ մասին է այն»,- հարցերց։ Արթուրն իրեն հատուկ պարզությամբ պատասխանեց. «Ես չգիտեմ ինչի մասին է, ամեն մարդ դիտելուց հետո ինչ հասկանա՝ ֆիլմը հենց դրա մասին է, իսկ թե չի հասկանա, ուրեմն ոչ մի բանի մասին էլ չէ»։

Երկխոսությունը դրանով էլ ավարտվել էր։ «Փելեշյանն ինչպես կինոյում, այդպես էլ յուրօրինակ է կյանքում, հետաքրքիր հումոր ունի»,- ասում է Լաերտ Պողոսյանն ու դարձյալ մի դեպք հիշում։ Ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեի նախագահը Ստեփան Պողոսյանն էր, ում հետ միասին ուսանել էին պետական համալսարանում, նրանց միջև պահպանվել էր ուսանողական տարիների մտերմությունը: Լաերտ Պողոսյանը հիշում է մի կարճ երկխոսություն, որը տեղի է ունեցել Արտավազդ Փելեշյանի ու Ստեփան Կարպիչի միջև։

-Ի՞նչ կա Արթուր, ո՞նց են գործերդ»,- հարցնում է Ստեփան Պողոսյանը։
-Ստեփան Կարպիչ, Հայկուշն ո՞վ է, որ նա էլ է ստանում 180 ռուբլի, ես էլ։
Իրոք, հաշվապահությունում աշխատում էր Հայկուշ անունով մի թեթևսոլիկ աղջիկ, ում նախագահը չէր ճանաչում։
-Հայկուշն ո՞վ ա, արա,- հարցրեց Ստեփան Կարպիչը:
— Вот именно, Հայկուշն ո՞վ ա,- իրեն չկորցրեց Փելեշյանը։

Լաերտ Պողոսյանը պատմում է նաև «Ձոր Միրոն» ֆիլմի նկարահանումների մասին: «Ես ոչ թե նկարում , այլ վերապրում էի մեր ժողովրդի ցավն ու տառապանքը: Ես փորձում էի օգտագործել օպերատորական վարպետության բոլոր հնարքները ճիշտ վերարտադրելու այն մտահղացումները, որ ունեին սցենարի հեղինակ լուսահոգի Մուշեղ Գալշոյանն ու ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը: Սոս Սարգսյանի փայլուն աշխատանքի շնորհիվ Միրոյի կերպարը իբրև մեր ազգի հավաքական նկարագիր, չկոտրվելու, ջարդվից հետո նորից ուժ գտնելու և ոտքի կանգնելու խորհուրդը դարձավ: Սոսը հանճարեղ դերասան էր, մեծ մարդ»,- ասում է Լաերտ Պողոսյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button