Երիտպատգամավորներն առաջարկում են ՀՀ օրհներգի մի քանի նոտա և մի քանի տող փոխել


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երիտասարդական խորհրդարանում ձեռնամուխ են եղել փոփոխել մեր երկրի օրհներգը և այս նպատակով մշակել են համապատասխան օրենսդրական բարեփոխումները։ Երկրի օրհներգը կատարելագործելու նպատակով ՀՀԿ խմբակցության անդամ Տաթևիկ Խանաղյանը առաջարկում է խմբագրել օրենքի հավելվածում ներկայացված օրհներգի տեքստը, ինչի արդյունքում, մասնավորապես, քառատողերի քանակը կպակասի մեկով՝ ի հաշիվ երկրորդի։
Երիտպատգամավորուհին գտնում է, որ աղջկա շուրթերից հնչող փոքր ինչ լացակումաց և ողբերգական խոսքերը հարիր չեն երկրի օրհներգի համար: Հիշեցնենք, որ ի սկզբանե «Մեր հայրենիքի» խոսքերը հայտնի էին որպես իտալացի աղջկա երգ։ Օրհներգը պետք է լինի հզոր, խրոխտ և մարտունակ բանակի խորհրդանիշ, նշեց Տաթևիկ Խանաղյանը:
Ըստ նրա՝ վանկերի տարբերությունից ելնելով կփոխվի մի քանի նոտա և մի քանի տող: Երաժշտության և տեքստի հենքը կմնա նույնը, հավաստիացրեց նախաձեռնության հեղինակը: Ի դեպ, նման փոփոխություններ առաջարկել է և Պարույր Հայրիկյանը, արժանանալով մշակույթի նախարարության հավանությանը: