Հասարակություն

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիրը 40 կրթաթոշակ կհատկացնի հայ հետազոտողներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիրը,  որն աշխարհի ամենամեծ դրամաշնորհային հիմնադրամն  ունեցող կազմակերպությունն է, 2014-15 ուս. տարվա համար ավելի քան 40 գիտահետազոտական կրթաթոշակ կտրամադրի հայ գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին և դասախոսներին: Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից այսօր կազմակերպված տեղեկատվական սեմինարին գերմանացի և հայ գիտնականները ներկայացրել են Գեմանիայում կատարած իրենց գիտահետազոտական աշխատանքները: 

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից այսօր կազմակերպված տեղեկատվական սեմինարը երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և ակադեմիական աստիճան ունեցող անձանց համար ևս մեկ հնարավերություն է տեղեկանալու Գերմանիայում գիտական հետազոտություն կատարելու հնարավորությունների, ինչպես նաև գիտական տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսական օժանդակություն տրամադրող ծրագրերի հետ։ Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը, ծրագիրը տարեկան ավելի քան 70 հազար դրամաշնորհներ է տրամադրում արտասահմանցի ուսանողներին և գիտնականներին։

Ինչպես նկատեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ծրագիրը ամբողջովին ծառայում է իր նպատակին և դրա վկայությունն է դիմորդների հետաքրքրվածությունը։ Նշենք, որ 2014- 15 ուսումնական տարվա համար հայ գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին և դասախոսներին Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիրը կտրամադրի գիտահետազոտական 40  կրթաթոշակ։

Ցուցադրել ավելի
Back to top button