Հասարակություն

Ապագա դիվանագետները ծանոթացել են եվրոպական կառույցների աշխատանքին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցն այս տարի առաջին անգամ ապագա դիվանագետների այց է կազմակերպել եվրոպական երկրներ, որտեղ լավագույնս հնարավորություններ են ստեղծվել ծանոթանալու եվրոպական կառույցների աշխատանքին:  Բրյուսելում դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելել են Եվրամիության հանձնաժողով, խորհուրդ, արտաքին գործառությունների ծառայություն, Եվոպական խորհրդարան ու ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Վիեննայում նրանք ծանոթացել են ԵԱՀԿ-ի կառույցներին։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/280913anna.mp3

Հայաստանի արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցը հիմնադրման օրվանից մինչ օրս` 4 տարվա ընթացքում, մոտավորապես 80 ունկնդիրներ է ունեցել և նրանցից 41-ն աշխատում է հենց արտգործնախարարությունում, ինչը վկայում է դպրոցի մատուցած գիտելիքների հիման վրա ունկնդիրների դրսևորած առաջադիմության մասին։

Ավելին՝ փորձաշրջանը լավագույնս անցած, բարձր ունակություններ դրսևորած ապագա դիվանագետներից մի քանիսն արդեն աշխատանքի են անցել դրսում: Ունկնդիրներին դասավանդում են արտերկրից հրավիրված բարձրաստիճան դիվանագետներ, նրանք սովորում են ինչպես ճիշտ վարել բանակցություններ ու տիրապետել դիվանագետի համար կարևոր համարվող հմտությունների: Այս տարի ապագա դիվանագետները հնարավորություն են ունեցել այցելել նաև եվրոպական երկրներ ու տեղում ծանոթանալ եվրոպական կառույցների աշխատանքին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը բրյուսելյան այցի օրակարգից առանձնացրեց նրանց հանդիպումները։ «Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր Արևելյան գործընկերության հարցը: Ընկան դիվանագիտական առօրյայի մեջ»,- ասում է տնօրենը՝ նաեւ ուշագրավ համարելով, որ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները ճաշում են բարձրաստիճան հայտնի դիվանագետների հետ նույն ճաշարանում։

Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ ունկնդիրներն այցելել են նաև Վիեննա, ծանոթացել են ԵԱՀԿ կառույցներին. այս կառույցը հատկապես կարևորվում է, քանի որ հենց ԵԱՀԿ ՄԽ-ն է զբաղվում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ. Նրանք հետևել են ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքին։

Այսքանով  Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների եվրոպական երկրներ այցելությունն ու հանդիպումները չեն ավարտվում: Ապագա դիվանագետները եղել են դեսպանատներում ու դիվանագիտական  ներկայացուցչություններում։

Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ  դիվանագիտական դպրոցի ունկնդիրների Բրյուսել ու Վիեննա այցերն ու եվրոպական և միջազգային կազմակերպություններում աշխատանքներին ծաոթանալն ու հանդիպումներն իրականացվել է  Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրով: Սա երկու տարվա ծրագիր է և բավականին դժվար է հաջողվել եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ ու բանակցությունների միջոցով կյանքի կոչել այն։ Ապագա դիվանագետների եվրոպական ու միջազգային կառույցներ այցելությունը լավագույնս հնարավորություն է տվել լինել եվրոպական դիվանագիտական մթնոլորտում, ինչը լավ հիմք է հետագա աշխատանքի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button