

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովը կշարունակի աշնանային նստաշրջանի աշխատանքը: Երկուշաբթի մեկնարկելիք հերթական քառօրյայի օրակարգում 72 հարց է, միջազգային 21 պայմանագիր: Քննարկվելիք հիմնական հարցերից մեկը հանրապետության գլխավոր դատախազի ընտրությունն է: Ինչպես հայտնի է նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի թափուր պաշտոնի համար խորհրդարան է ներկայացրել զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Նա երեկ արդեն հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հիմնական մասի հետ, իսկ խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական կուսակցության հետ հանդիպումը նախատեսվում է երկուշաբթի:
Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Դատախազի պաշտոնում նոր նշանակման մասին խորհրդարանը որոշում է ընդունում: Իսկ ԱԺ որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայների պարզ մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։
Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը գլխավոր դատախազի պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Վերջինն արդեն հանդիպումներ է ունեցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ՝ բացի ՀՀԿ-ից: Խորհրդարանական մեծամասնության հետ գլխավոր դատախազի թեկանծուի հանդիպումը նախատեսվում է երկուշաբթի՝ քառօրյայի մեկնարկից առաջ։
Այն, որ նոր թեկնածուն կստանա կոալիցիոն ուժերի աջակցությունը, կասկած գրեթե չի հարուցում: Իսկ թե ինչպես կքվեարկեն արտակոալիցիոն ուժերը ՝ ԲՀԿ-ն ու ընդդիմադիր խմբակցությունները, կարելի է կանխատեսել՝ ըստ հանդիպումներից հետո հնչեցրած գնահատականների:
Հանդիպումներից հետո խորհրդարանական խմբակցություններն իհարկե չեն մանրամասնել, թե ինչպես են քվերակելու, նշել են, որ հանդես կգան թերևս միասնական դիրքորոշումներով: Փոխարենը՝ որոշ կարծիքներ են արտահայտել գլխավոր դատախազի անձի ու մասնագիտական որակների մասին։
Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «Աղվան Հովսեփյանը ավելի փորձառու դատախազ է: Նոր առաջադրվող անձը այդքան մեծ փորձառություն չունի, բայց ունի շատ հետաքրքիր նորարարական մոտեցումներ, գիտելիքներ»:
ՀԱԿ խմբակցությունը Գևորգ Կոստանյանի թեկնածությանը կմոտենա՝ ելնելով անմեղության կանխավարկածից։ «Տվյալ դեպքում՝ մենք ուղղակի պետք է ելնենք անմեղության կանխավարկածից: Հրապարակայնորեն մենք իրեն կտանք շանս աշխատելու: Առանց շատ կոնկրետ հիմքերի մենք նրան քննադատության չենք ենթարկի զուտ այն պատճառով, որ գործում է արատավոր քաղաքական համակարգի միջավայրում»։
Մյուս խմբակցությունները ևս, ընդհանուր առմամբ, նոր թեկնածուի նկատմամբ ավելի շատ դրական, քան կանխակալ մոտեցում ունեն: Հարցերի շրջանակը, որ քննարվկել է Գևորգ Կոստանյանի հետ, խմբակցությունները չեն մանրամասնել: Բայց կարող ենք ենթադրել, որ դրանք հնչելու են նաև նիստերի դահլիճում:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ դատախազի թեկնածուն հանդես կգա ելույթով, կպատասխանի պատգամավորների հարցերին, կլսի նրանց ելույթները:
Հնարավոր է, որ խորհրդարանում քառօրյայում արտահերթ հարցի ընթացակարգով քննարկվի նաև պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի և Արմեն Ռուստամյանի հեղինակած որոշման նախագաիծը «Նաիրիտի» վերաբերյալ։ Խմբակցությունը որոշման նախագիծ է հեղինակել , որով առաջարկում է «Նաիրիտի» մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Գլխադասային հանձնաժողովը, ի դեպ, որոշման նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին դրական եզրակացություն է տվել։