Հասարակություն

Տրանսպորտի ուղեւվարձի թանկացման հարցով հանձնաժողովը պետք է հրապարակավ աշխատի

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի այսօր գումարվող անդրանիկ նիստին ընդառաջ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարևորել է այս մարմնի աշխատանքների ակտիվ լուսաբանումը լրատվամիջոցների կողմից: Լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպության ղեկավարը նշել է, որ միայն մամուլի ներկայությամբ հնարավոր կլինի կանխել հակաօրինական որոշումների ընդունումը։

Որպես այս հանձնաժողվի անդամ Պիպոյանը մտահոգ է այն հանգամանքով, որ աշխատանքների հրապարակայնությունը ապահովված չէ: Համենայն դեպս՝ պաշտոնապես չի հայտարարվել մամուլի մասնակցության մասին, նկատեց հանձնաժողովի անդամը։ Ի դեպ՝ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ նիստին կարող են մասնակցել լրատվամիջոցների հավատարմագրված լրագրողները։

Ըստ Պիպոյանի՝ հանձնաժողովի միակ նպատակն է արդարացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետի որոշումը, որն այս պահին ժամանակավորապես կասեցված է։ Հասարակական կազմակերպության ղեկավարը կարևորում է հատկապես լրատվամիջոցների ներկայությունը 36-հոգանոց հանձնաժողովի նիստին:

Թանկացումը, ամեն դեպքում, իրավական և գործնական առումներով հիմնավորված չէր և այս պարագայում ուղեվարձի բարձրացմանը կրկին ուղղված քայլերը արդարացված չեն, հայտարարեց բանախոսը:  Նա ափսոսանք հայտնեց, որ ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստները ներկայացված չեն հանձնաժողովում։

Բոլոր գործընթացները պետք է վարվեն իրավական դաշտի հունով, որտեղ ձեռնարկվող քայլերի արդյունքում կտրուկ թանկացումը պետք է բացառվի, նշեց Պիպոյանը: Միայն այսպես կարելի է ստեղծել քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ, որտեղ կարող են գործել վճարման տարբեր եղանակներ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ քարտերի միջոցով: Վերջինիս պարագայում ուղեվարձը կլինի ավելի էժան, քան՝ այսօր, արձանագրեց բանախոսը։

Հասարակական տրանսպորտի շուրջ տարվող հասարակական քննարկումները դեռ նոր են սկսվում: Երբ կթանկանա ուղևարձը, այս պահին դժվար է կռահել: Ամեն դեպքում՝ քաղաքային իշխանությունները այլ ելք չեն տեսնում։

Ցուցադրել ավելի
Back to top button