ԿարևորՀասարակություն

Սրբադասման ավանդության վերականգնում, Ս. Մկրտության և Դրոշմի խորհուրդներ, ներկա մարտահրավերներ. Եպիսկոպոսաց ժողովի քննարկումներն ավարտվեցին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովն այսօր ավարտվեց աշխատանքը։ 
Եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը:
Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ եպիսկոպոսաց ժողովը որոշեց.
ա. որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը,
բ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար,
գ. հանձնարարել Սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար։

Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության առան նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները: Համակողմանի քննարկման արդյունքում ժողովը ընդունեց Ս. Մկրտության  և Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիր: Քննարկման նյութ դարձան Ս. Մկրտության խորհրդի հետ առնչված հարցերի ուղեցույցը և Ս. Մկրտության խորհրդի խրատական-ուսուցողական ձեռնարկը, որոնց առնչությամբ Ծիսական հանձախմբին հանձնարարվեց շարունակել լրամշակման աշխատանքները: Կարևորությամբ քննարկվեց նաև Հայ Եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը և այլ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն նկատվեց հավելյալ ուսումնասիրությունների:

Այսօրվա նիստերը նվիրված էին Հայ Եկեղեցու այժմեական մարտահրավերներին: Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին Եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթա-դաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին:

Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ:

Ցուցադրել ավելի
Back to top button