Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ համաձայնության են հասել Սիրիայի հարցով ՄԱԿ- ի բանաձեւի շուրջ

Ռուսաստանը և ԱՄՆ համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքի հարցում ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը: Այն սկսել են քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Փաստաթղթի տեքստը Անվտանգության խորհրդի անդամները համաձայանեցրել են երկու շաբաթվա ընթացքում:

Բանաձևի նախագծի քվեարկությունը պետք է կայանա այսօր: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սիրիական քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի նախագիծը չի ենթադրում ուժի կիրառում դրա իրականացման ընթացքում խախտումներ թույլ տալու պարագայում: Ռազմական ուժի կիրառումը նման իրավիճակներում թույլատրվում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պարզաբանել է, որ նախագիծը սկզբունքորեն համաձայնեցված է և կարիք ունի միայն լրամշակման: Հայտնի է դարձել, որ բանաձևի նախագծում դատապարտվում է քիմիական զենքի կիրառումը Սիրիայում, սակայն հակամարտության կողմերից որևէ մեկի վրա մեղքը չի բարդվում:

Ռուսաստանը և ԱՄՆ համաձայնեցրել են նաև կազմակերպության որոշումը քիմիական զենքն արգելելու հարցում, որը վերաբերերում է սիրիական քիմիական զենքի զինանոցին:  Ավելի վաղ՝ Ռուսաստանը հայտնել էր, որ պատրաստ է տրամադրել իր զինվորականներին և ռազմական ոստիկանությանը Սիրիայում քիմիական զենքի վերահսկողությունն իրականացնելու համար:

Back to top button