Տնտեսական

Ջերմատնային տնտեսությունների գոյությունը վտանգի տակ է, ասում են ֆերմերները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ջերմատնային տնտեսությունների գոյությունը Հայաստանում վտանգի տակ է, ահազանգում է Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ Թուրքիայից ներկրված պոմիդորի միջոցով հայաստանյան տնտեսությունները վարակվել են, հարյուրավոր հեկտարներով պոմիդորի դաշտերը չորացել են մեծ տարածում գտած ցեցի պատճառով։ Պոմիդորի ցեցն արդեն հասել է Կոտայքի մարզ եւ նրանով արդեն վարակվել են ջերմատները։

Սննդի անվտանգության տեսչությունը չի կարողանում արդյունավետ գործել, դժգոհեց նա։ Գեւորգյանի խոսքով` ներկրվող պոմիդորը հարվածում է նաեւ տեղական արտադրանքին։ Ըստ բանախոսի՝ ներմուծման համար պոմիդորից հարկեր չեն գանձվում, այսինքն` պոմիդորը Հայաստան է ներմուծվում ապօրինի ճանապարհով։

Եթե օրենքը գործի ճշգրտորեն եւ ներմուծման հարկերը վճարվեն, ապա որեւէ մեկը դրսից պոմիդոր Հայաստան չի բերի, քանի որ այլեւս դա կլինի ոչ շահավետ, համոզմունք հայտնեց Ջերմատնային ասոցիացիայի ղեկավարը: Նրա փոխանցմամբ` պատկան մարմինները վստահեցնում են, որ առանց հարկերի վճարման ոչ մի կգ պոմիդոր Հայաստան չի մտնում, սակայն իրականությունն այլ է։

Ջերմատնային տնտեսությունների ղեկավարները դժգոհ են նաեւ Հայաստանի դատական համակարգից: Ջերմատնային ասոցիացիայի անդամ, ֆերմեր Սամվել Հարությունյանն ասաց, որ գազի օգտագործման հետ կապված խնդիրներ ունեն ու հնարավորություն չունեն դատական համակարգի միջոցով պաշտպանելու իրենց իրավունքները։

Back to top button