Հասարակություն

Ինչո՞ւ քաղաքացիական հասարակությունը մասնակից չէ օրենսդրական գործունեությանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչո՞ւ քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցություն չի կարողանում ունենալ օրենքների նախագծերի մշակման գործում: Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցի համակարգող  Թամարա Աբրահամյանը Մամուլի ազգային ակումբում այսօր նշել է այն խոչընդոտները, որոնք խանգարում են, որպեսզի մասնակցեն հանրային քննարկումներին։

Թամարա Աբրահամյանը դժգոհ է մասնակցության չափից, հկ-ների գործունեությունը բավարար չեն գնահատում նաև պետական կառույցներում, քանի որ քաղ. հասարակությունը բավականին պասիվ է օրենքներին նախագծերի մշակման գործընթացներում: «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահը նշում է, որ պատճառները հիմնավոր են։ Օրինակ՝ իրենց նախապես 10-15 օր առաջ չի հաջողվում ճշտել, թե օրենքի այս կամ այն նախագիծը, կամ որոշումը երբ է քննարկվելու ԱԺ-ում կամ կառավարությունում, որպեսզի կարողանան պատրաստվել դրան: Տեղեկատվության մատչելիության պակասը խոչընդոտում է աշխատանքին։ «Նիստերի մասին իմանում ենք 3 օր առաջ ու չենք կարողանում պատրաստվել։ Դա խոչընդոտում է մեր աշխատանքին: Մերձբալթյան երկրներում նախապես 15 օր առաջ են տեղեկանում»,- ասում է նա։

Այս և մի շարք այլ խոչընդոտող հարցեր հաշվի առնելով՝ առաջարներ են ներկայացվել  ԱԺ-ին և կառավարությանը։ Հանրային կառավարման անկախ փորձագետ Տիգրան Գրիգորյանն էլ օրենքի նախագծերի ու որոշումների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացրեց։ Նա նշում է, որ պետք է օրենսդրական ակտի ազդեցությունը մոնիտորինգի ենթարկվի ու փաստերով ներկայացվի օրենսդիրին կամ գործադիրին։

Ցուցադրել ավելի
Back to top button