ԿարևորՀասարակություն

Երկուսուկես տարի հետո կունենանք ժամանակակից անցակետեր

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»- Բագրատաշեն

«Եվրամիությունը հարգանքով է մոտենում իր գործընկերների ինքնիշխան, անկախ որոշումներին։ Մենք շարունակում ենք նվիրված մնալ մինչ օրս եղած ձեռքբերումներին։ Պարզապես՝ ցանկալի կլինի իմանալ, թե ինչ ձեւով ենք շարունակելու հետագա համագործակցությունը»,- այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան Բագրատաշենում, որտեղ այսօր տեղի է ունեցել նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը։

Բագրատաշենում այսօր տեղի ունեցավ սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում հանրապետության նախագահին  ներկայացրեցին նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները։

Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարողների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները։

Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button