Հասարակություն

«Բանդայի գործի» տարօրինակ ընթացքը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ուղիղ երկու տարի առաջ՝  2011-ի սեպտեմբերին,  իրավապահները Մյասնիկյան պողոտայի վրա վնասազերծեցին ծանր հանցագործությունների մեջ կասկածվող կազմակերպված հանցախմբի, որին էին վերագրվում  մի շարք աղմկահարույց ավազակային հարձակումներ, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանի տների կողոպուտը:  Ավազակային հարձակումներով ուղեկցված  հափշտակումների ընդհանուր արժեքը, ըստ նախաքննության,  անցնում է հարյուր հազարավոր դոլարների սահմանը: Գործն այժմ դատաքննության փուլում է: Դրան այսօր անդրադարձել է Սերգեյ Գալոյանը, ով հայտնի է քրեական աշխարհի մասին իր գրքերով։

Գործը, որ իրավապահների աղմկահարույց վնասազերծումից հետո  արագորեն «Բանդայի գործ» անվանումը ստացավ,  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում  է մոտ մեկ տարի: Մեղադրյալի աթոռին 6 անձինք են, նրանք  մեղադրվում են ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Բանդայի անդամների գործով տուժողները  նախկին պաշտոնյաներ են։

Դատավարությունն ընթանում  է ընդգծված լարվածությամբ, ուղեկցվում  տարբեր միջադեպերով։ Ամբաստանյանլներից մեկը դատարանում ինքնավնասման փորձ էր արել, մյուսները սպառնում են կրկնել այդ քայլը,  իսկ  գործով անցնող մեղադրյալներից Արման Դալլաքյանը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 7-ին, մահացավ  Դատապարտյալների հիվանդանոցում։

Գործը առնվազն տարօրինակ,  բազմաթիվ հարցականներով պարուրված է համարում Սերգեյ Գալոյանը, ով հայտնի է քրեական աշխարհի իր  ուսումնասիրություններով։ «Նախաքննությունը շատ տարօրինակ ընթացք է ունեցել. ոչ ամեն ինչ է պարզվելև ոչ ամեն ինչ է հստակ: Դատավորի համար շատ դժվար է այս գործից գլուխ հանել»,- ասում է նա։

Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ հանցավոր խմբի պարագլուխները եղել են  Գուրգեն Հայրապետյանը եւ Արտուշ Հակոբյանը: Նրանցից Հայրապետյանը խմբի վնասազերծման ժամանակ փախուստի դիմելով՝ ժայռից վայր  ընկավ եւ մահացավ: Իսկ Արտուշ Հակոբյանին իրավապահները ձերբակալեցին հաջորդ օրը երեկոյան, ռեստորանային համալիրներից մեկում: Քրեագետին գործի այս դրվագը խիստ զարմացրել է։ «Արտուշ Շահբազյանին ձերբակալել են մյուսների ձերբակալման հաջորդ օրը: Նրան ձերբակալել են, երբ գեղեցիկ հագնված` ռեստորան էր գնում: Եթե նա մեղավոր լիներ, իմանալով, որ մյուսներին ձերբակալել են,  հաջորդ օրը սիրուն կհագնվեր, ծնունդի կգնա՞ր»:

Սերգեյ Գալոյանն ասում է, որ ինքը պարզապես մտորում է այն հարցերի շուրջը, որոնք անպատասխան է թողել նախաքննությունը և որոնք նա բացահայտում է դատական ամեն նիստից հետո:  Ամենակարևոր պատասխանը, որ սպասվում էր նախաքննությունից, վերաբերում էր  գլխավոր հարցին. ո՞ւր է հարյուր հազարավոր դոլարների հասնող գողոնը:  Այն, ըստ նախաքննության, չի հայտնաբերվել, իսկ ըստ ամբաստալյաների՝ այդքան գումարը ծախսել կամ թաքցնել պարզապես հնարավոր չէ։

Գալոյանի կարծիքով՝  նախաքննությունը նշելով, որ Նապոլեոն Ազիզյանի տնից թանկարժեք նկար է գողացվել, մինչ այժմ չի պատասխանել հարցին՝ ի՞նչ արժեքի մասին է խոսքը՝ մի քանի միլիո՞ն, թե՞ մի քանի հազար դոլար արժողության։ Գալոյանին զարմացնում է նաև տուժողների պասիվությունն ու անտարբերությունը, իսկ իր ձևակերպմամբ, սպասողական վիճակը: Տուժողներից մեկը՝ «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե  չի հավատում, որ  ձերբակալված անձինք են իրական գողերը։

Գալոյանի խոսքով՝ քրեական գործը շուլալված պատմություն է հիշեցնում, իսկ նախաքննության բացերը տարբեր դրսևորումներով երևում են դատաքննության ընթացքում:  

Ցուցադրել ավելի
Back to top button