Մշակույթ

Արաքսի Սարյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ:

Հանրապետության նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Արաքսի  Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:30-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Արաքսի Սարյանը անսպասելի կյանքից հեռացավ սեպտեմբերի 26-ին 76 տարեկան հասակում։ Նա հայ երաժշտագիտության մեծերից էր ու մանկավարժական գործի նվիրյալ: Երաժշտագետ, ով իր կյանքի և ստեղծագործական ուղով մարմնավորեց Մարտիրոս Սարյանի պատգամներից մեկը. «Չկորցնել իր բովանդակությունը, չկորցնել իր ժողովրդի հատկանիշները, հողի համը, իր լեզուն»:
Շուրջ հիսուն տարի ձգվող մանկավարժի, գիտնականի ու հասարակական գործչի հագեցած աշխատանքային ուղին ընթացավ երաժշտական դպրոցներում, Ռադիոկոմիտեում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երկար տարիներ ղեկավարեց ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում։

Արաքսի Սարյանը ծնվել է ժողովրդական դերասան Արծրունի Հարությունյանի ընտանիքում, մանկության տարիներից ապրել է Լենինականի թատրոնի ոգեղեն լիցքով: Այդտեղ էլ ձևավորվեց նրա վերաբերմունքը հանդեպ արվեստը։ Երաժշտագետ դառնալու ճանապարհին նրա ղեկավարն էր ականավոր գիտնական, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը: Հետագայում, իր ուսուցչի նման, Արաքսի Սարյանն էլ անցավ երաժշտագիտական լուրջ դպրոց` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ:

Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման եղավ Հայ քաղաքային երգը: 1960-ականներին Ազգագրության ինստիտուտում սկսեց զբաղվել հայ երաժշտագիտության համար դեռևս չուսումնասիրված այս թեմայով: Իր գործունեությամբ լուսաբանեց ու հարթեց հայ կոմպոզիտորական, կատարողական արվեստի բազմաթիվ կնճիռներ: Այդ են վկայում տասը մենագրությունը, գրքերի թարգմանությունները, շուրջ հիսուն գիտական հոդվածները, բազմաթիվ հրապարակումները պարբերական մամուլում, զեկուցումները հայաստանյան և միջազգային գիտաժողովներում: Նրա անցած ուղում իր մշտական ներկայությունն ուներ նրա կյանքի ընկերը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:

Այս ամենից զատ, Արաքսի Սարյանը մարդ էր, որ գործեց ինքնանվիրումի պայծառ լուսարձակումով, մարդկային որակների շռայլ բաշխումով, իր աշակերտներին ու ընկերներին ջերմորեն սիրելով։ Մարդ էր, որ թողնում է շատ, բայցև տանում է շատ՝ մասնագիտական բարձրագույն որակ, մարդկային բացառիկ նկարագիր, Սարյան մեծ  ընտանիքի շենշող շքեղություն։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button