Տնտեսական

Ամերիկյան VMware ընկերությունը որոշել է Հայաստանում իր ներդրումները ավելացնել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

VMware ծրագրային ապահովման ամերիկյան ընկերությունը, որի տարեկան եկամուտը կազմում է 4.61 միլիարդ դոլար, պլանավորում է շեշտակիորեն ընդլայնել  գործունեության ոլորտները Հայաստանում և մի քանի անգամ ավելացնել աշխատակիցների թիվը:  VMware- ը ինելով աշխարհի առավել նորարարական ընկերությունների եռյակում 2010 թվականից հաստատվել է նաև Հայաստանում։ Հայաստանյան գրասենյակում ներկայումս աշխատում են 60 որակավորված ծրագրավորողներ: Սակայն մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է շեշտակիորեն ընդլայնել  գործունեության ոլորտները եւ մի քանի անգամ ավելացնել աշխատակիցների թիվը:

Ներկայումս ընկերության հայաստանյան թիմը մեծ մասնակցություն ունի ընկերության հիմնական արտադրանքներից մեկի՝ Կառավարման ծրագրերի փաթեթի մշակման մեջ: Ընկերության գործադիր փոխնախագահ Ռագու Ռագուրամի տեղեկացմամբ՝ Հայաստանում արտադրվող ապրանքն օգտագործվում է 100 հազարավոր հաճախորդների կողմից ամբողջ աշխարհում։

Ընկերության ամպային հետազոտության զարգացման փոխնախագահ  Ադրիան Թյուդորը ևս ուրախ է, որ շարունակելու են իրենց ներդրումները Հայաստանում և հավաստիացնում է, որ տարեց տարի կրկնապատկելու են ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ: Թե ինչու են ընտրել Հայաստանը և ինչով է գրավել մեր երկիրը VMware ծրագրային ապահովման ամերիկյան ընկերությանը, Ռագու Ռագուրամը պատասխանեց, որ Հայաստանում կան բազմաթիվ բարձրակարգ ճարտարագետներ և իրենք ընդհանուր առմամբ գոհ են հայաստանյան թիմի մակարդակից և աշխատանքներից:  «Վերջին 3 տարիներին թիմը բացառիկ արդյունավետ աշխատանք է կատարել և մենք հասկացանք, որ գործ ունենք բավականին բարձրակարգ ճարտարագետների հետ: Մեր աշխատողների 95 տոկոսն ունի գիտական աստիճան համակարգչային և ճարտարագիտության բնագավառում: Այնպես որ՝ մենք շատ ուրախ ենք մեր հայաստանյան թիմի որակով»։

Թեև հայկական շուկան ինքնին այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, ընկերության գործադիր փոխնաագահը վստահ է, որ առաջիկա տարիների ընթացքում այն կընդլայնվի: Մենք աշխատում ենք գլոբալ տնտեսության մեջ և վստահ կարող ենք ասել, որ այստեղ արտադրվող ապրանքները վաճառվում են ամբողջ աշխարհում, ասաց Ռագու Ռագուրամը։

Ցուցադրել ավելի
Back to top button