Ադրբեջանի բնիկ ժողովուրդները հասկացել են՝ հայ-ադրբեջանական պատերազմն իրենց պատերազմը չէ


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում Ղարաբաղյան խնդիրը դադարի վիճակում է հայտնվել Ադրբեջանում հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրությունների պատճառով, իսկ ընդհանրապես գործընթացը փակուղում է մարդասպան Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումից հետո, սակայն վերջին շրջանում իբրև պատճառ մատնանշվում է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գոյությունը: Սա նշվում նաև Միջազգային ճգնաժամային խմբի հերթական զեկույցում:
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազայանը համոզված է, որ այս թեզը թեև դեռևս տեղեկատվական գործոն է, սակայն վաղն այն կդառնա քաղաքական։ Քաղաքագետը զեկույցում մտակոգիչ է համարում ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը փոխելու թեզը, ինչը նշանակում է, որ փորձ է արվում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում իբրև միջնորդ ներգրավել Թուրքիային։
Ադրբեջանը նաև փորձում է քաղաքական դաշտ բերել այն թեզը, որ Հայաստանը հաղթել է պատերազմում, սակայն առկա պատկերն այլ բանի մասին է վկայում։ «Ներկայացվում է, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը և ինչ վիճակ է Ադրբեջանում: Թվեր են ներկայացվում տարբեր հարցերում»,- ասում է Մելիք- Շահնազարյանը։
Վերջին շրջանում Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդները` լեզգիները, թալիշներն ու ավարները ազգային հարցեր են բարձրացնում, ինչը քաղաքագետը Հայաստանի համար կարևոր գործոն է համարում: Առանձնահատուկ էր Թալիշ Մուղանական Հանրապետության նախագահ Ալիքրամ Գումբատովը այցը Հայաստան։ Քաղաքագետի համոզմամբ՝ կարևորն այն է, որ Ադրբեջանում բնիկ ժողովուրդները հասկացել են, որ հայ-ադրբեջանական պատերազմն իրենց պատերազմը չէ։