Հասարակություն

Փակեք ձեր դռները աղանդավորների առաջ, խորհուրդ է տալիս Կոմիտաս վարդապետ Հովնանյանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում աղանդների տարածման ու դրանց դեմ պայքարի հարցն այսօր ևս մեկ անգամ քննարկվել է «Ֆորում»  մամուլի ակումբում: Կոմիտաս վարդապետ Հովնանյանը պնդում է, որ դրսից փորձում են պիղծ գաղափարներ տարածել Հայաստանում ու դա արվում է աղանդավորների միջոցով, ովքեր հսկայական գումարներ են ստանում ու հաճույքով փորձում են իրագործել դա։ 


Վերջերս Ուկրաինայից Հայաստան է ներթափանցել մի աղանդ, որի նպատակը մեր երկրում  արյունապղծության գաղափար տարածելն է, համոզված է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Խոսքը <«Քիրստոնեական միջազգային ընտանիք» կոչվող աղանդի մասին է, որը ձևավորված կառույցներ ունի Երևանում ու Արտաշատում: Փորձ է արվում վերացնել ընտանիքի գաղափարը, «մանկապղծություն են քարոզում»։

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ու Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ  Սևակ Հովհաննիսյանի այս հայտարարությունից հետո աղանդի հետևորդները ծեծի են ենթարկել Սևակ Հովհաննիսյանին ու «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանին: Աղանդավորները ազգային արժեքների կրողների դեմ արշավ են սկսել, ասում է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Նման աղանդները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը։

Աղանդավորների դեմ պայքարող կազմակերպությունները պարզել են, որ ամեն տարի կես մլրդ դոլար է մտնում Հայաստան՝ պիղծ գաղափարներ տարածելու նպատակով: Հոգևորականը նաև հստակ տվյալներ ունի, որ Թուրքիայից նույն նպատակով 15 մլն է տրամադրվում մի կառույցի, որի անունը տալ հոգևորականը չցանկացավ։ «Մտքի ու խղճի ազատության անվան տակ եվրոպացիները գալիս ու աջակցում են միասեռականներին, բայց միայնակ մայրերի, ծերերի ու մանկատան երեխաների վիճակը նրանց չի հետաքրքրում»։

Ո՞րն է աղանդների տարածման դեմ պայքարի միջոցը, երբ նրանք հսկայական գումարներ են ստանում պիղծ գաղափարներ տարածելու համար: Կոմիտաս վարդապետը կարծում է, որ յուրաքանչյուրն իր մեջ պետք է պայքար տանի նման աղանդների դեմ` դուռը փակելով աղանդավորների առաջ։

Ցուցադրել ավելի
Back to top button