Մշակույթ

Յուրաքանչյուր տոն պետք է ունենա որոշակի պատմություն. մշակութաբանը Անկախության տոնը նշելու մասին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում էր իր անկախության 22-րդ տարեդարձը։  Նման տոնը պատշաճ վերաբերմունքի  էր արժանի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել  է մշակութաբան Ռուբեն Անգալադյանը: Շատ ազգերի մոտ խորհրդանիշ համարվող դրոշի նկատմամբ վերաբերմունքն այլ է, մեզ մոտ՝ այլ, կասում է նա՝ ընդգծելով, որ մեզ մոտ մինչ այսօր պարզ չէ եռագույնի երրորդ գույնը դեղին է, ծիրանագույն, թե՞ նարնջագույն:  Այս նույն վերաբերմունքն էլ դրսևորվում է տոների նկատմամբ։

Նրա խոսքով` յուրաքանչյուր տոն պետք է ունենա որոշակի պատմություն: Մեզ համար ամենահայտնի տոնը` Անկախությունը, պետք է նշվեր պատշաճորեն։ «Տոնն ինքը, ոնց որ ձեր ծննդյան օրը, այդպես պետք է տոնեք: Եթե դուք անտրամադիր եք ձեր ծննդյան օրը, այդ օրը չեք նշի, ոչ մեկին չեք ուզենա տեսնել»։ Արտագաղթի ճամփան բռնած մարդիկ չեն կարող տոնել Անկախության տոնը, երբ նրանք մտածում են երկրից փախնելու մասին:

Վերջինիս դիտարկմամբ՝ համապետական տոները ցույց են տալիս, թե տվյալ երկիրն ինչպիսի մշակույթ ունի և ինչպես է վերաբերվում այդ մշակույթին: Այս պարագայում նման տոնի նշելու պատասխանատվությունը թողնել Նունե Եսայանի վրա, Ռուբեն Անգալադյանը կարծում է սխալ է։ «Նունե Եսայանը, ևս մեկ անգամ կրկնում եմ, չունի այն մակարդակը, որ ներկայացնի ամբողջական հայկական մշակույթը:  Այլ հենց ժողովրդական անսամբլեր կան,  համույթներ և այլն: Ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ, որ դրանք մասնակցեին»։

Մշակութաբանն առաջարկում է նման տոները նշելու տարբեր ձևեր, օրինակ,  նրա ձևակերպմամբ, այս տարի կարելի էր հայտարարել, որ Անկախության տոնն ամբողջովին նվիրված է  պոեզիային կամ միջնադարյան շարականներին։ Այսօր հեռուստատեսությամբ թուրքական և ադրբեջանական մոտիվներով հնչող երաժշտությանն էլ վատ է վերաբերում, սակայն նշում է, որ նման երաժշտության պահանջարկը մեծանում է Սփյուռքի հրահրման արդյունքում: Բազմաթիվ խմբեր համերգներ  կազմակերպելով՝ տուրք են տալիս հենց այդ ճաշակին։

Ցուցադրել ավելի
Back to top button