ՄՄ անդամակցությունը կազդի բիզնես գործընթացների և իրավական դաշտի վրա, ասում է փորձագետը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Թղթաբանությունը մեր կյանքի անբաժանելի մասն է: Այս կամ այն հարցի լուծման համար անհրաժեշտ է լինում դիմել տարբեր գերատեսչություններ և հիմնարկներ, տեղական ինքնակառավարման մարմիններ: Այս գործընթացի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվող բարեփոխումներին այսօր լրագրողներին պատմել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը։ «Բարեփոխումներն իրականացվում են երեք սկզբունքներով՝ տնտեսական անկախություն, հաճախորդների հետ տարվող գործառույթների պարզեցում և վարվող գործընթացների խիստ հստակության և թափանցիկության ապահովում: Այս հարցերում մեծ դեր է վերապահվում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ժամանակակից ձևերի կիրառմանը ինչպես դիմողների, այնպես էլ պատկան մարմինների կողմից»։
Փորձագետը հայտնեց, որ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն արդեն կառավարությանը բարեփոխումների առաջարկներ է ներկայացրել հանրային ծառայությունների, տրանսպորտի և առողջապահության ոլորտներում, ինչի արդյունքում կրճատվել են քաղաքացուց և բիզնեսից՝ պետության հետ հարաբերվելու համար պահանջվող ժամանակը և գումարները։ «Բոլոր իրավական ակտերը կվերանայվեն, կփոխվեն կամ կկրճատվեն, եթե դրանք չեն համապատասխանում թափանցիկության և տնտեսական ազատության չափանիշներին»,- ասաց։
Առաջիկա երկու տարիների ընթացքում կվերանայվի 2539 իրավական ակտ և 326 բիզնես-գործընթաց, հավելեց Սքոթ Յակոբսը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր բարեփոխումներն իրականացնում է կարգավորող 32 մարմինների՝ նախարարությունների, այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Բարեփոխումների առաջարկները ներկայացվում են ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդին, որտեղ հավանության արժանանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են կառավարության քննարկմանը։
Համացանցում գործում է բիզնես գործընթացների եւ դրանք կարգավորող իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանը, որը նախատեսված է անհատների եւ կազմակերպությունների համար: Շտեմարանի հիմնական նպատակն է բոլոր բիզնես գործընթացները հավաքագրել մեկ վայրում եւ դրանք փնտրելու ու գտնելու դյուրին տարբերակ առաջարկել օգտատերերին, նշեց փորձագետը։ «Իրականացվող բարեփոխումները թույլ կտան արագացնել որոշումների կայացումը՝ կրճատելով փաստաթղթաշրջանառության ծավալները և դրանց ուղղվող ծախսերը: Կհաջողվի հստակորեն պաշտպանել մարդկանց իրավունքները: Կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր, կարվեն մեծ ներդրումներ և արդյունքում կապահովվի ավելի բարեկեցիկ կյանք Հայաստանում»։
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Սքոթ Յակոբսը նշեց, որ այս կարևոր քայլը կազդի բիզնես գործընթացների և իրավական դաշտի վրա: