«Մենք ենք մեր լեռները» շարունակում է իր հաղթարշավը


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Արդեն մի քանի ամիս է Ստեփանակերտի հյուսիսային մուտքի մոտ շինարարկան աշխատանքներ էին ընթանում:Բարեկարգվում էր «Մենք ենք մեր լեռները» կոթողի շրջակայքը: Շինարարները նաև թարմացրել են հուշարձանի տարիների ընթացքում տուժած սալիկները։ Դրանից հուշարձանն ընդամենը ավելի թարմ տեսք է ստացել: Երեկ բարեկարգված ազբոսավայրի խորհրդանշական բացումն էր, որին մասնակցել են ԼՂՀ ղեկավարությունը, հարյուրավոր հյուեր, այդ թվում նաև ՀՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։
«Մենք ենք մեր լեռները» կոթողը արցախցիները մտերմիկ «Տատիկ Պապիկ» անունով են կնքել, իրականում հեղինակը «Ղարաբաղցիներ»անունն էր տվել։ Քանդակը վաղուց դարձել է Արցախի ոչ պաշտոնական, իսկ հանրապետութայն հռչակումից հետո նաև պաշտոնական խորհրդանիշներից մեկը`իր պատվավոր տեղը գրավելով նաև ԼՂՀ զինանշանի վրա։
Մոտ հիսուն տարի առաջ, երբ քանդակի՝ Ստեփանակերտի մերձակայքում տեղադրելու գաղափարը ծագեց, ադրբեջանական իշխանություններն ընդդիմանում էին`կարծես թե գուշակելով այն դերը, որ հետագայում պիտի խաղար այն արցախցիների կայնքում: Մարզի ղեկավարությունը կարողացավ հաղթահարել ստորջրյա խութերը և Պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիներ» քանդակը, որ 1960-ական թվականներին արդեն հասցրել էր Իտալիայում առաջին մրցանակի արժանանալ, իր տեղը գտավ Ղարաբաղի սրտում`մայրաքաղաքի հարևանությամբ:
Սարգիս Բաղդասարյանի քանդակն այսօր էլ հանգիստ չի տալիս Ադրբեջանի իշխանություններին, հիշենք Եվրատեսիլի ժամանակ քանդակի պատկերի օգտագործման հանգամանքը, նաև որոշ ադրբեջանական տուրիստական ընկերություների կողմից «Մենք ենք մեր լեռները» ադրբեջանական այցելավայրերի ցանկում ներկայացնելու փորձը։ Հուշարձանն իրոք սիրված այցելավայր է ստեփանակերտցիների, քաղաքի հյուրերի համար։
Տուֆակերտ «Տատիկն ու պապիկը» դարձել են արցախյան հարսանիքների արարողակարգի անբաժան մասնակիցը: Այդ հանգամանքն էլ է հաշվի առնվել բարեկարգման ընթացքում: Ավելացել են կանաչապատ տարածքները, նստարանները, լուսավորության եւ ոռոգման ժամանակակից համակարգը: Բարեբերության խորհրդանիշ երկանքն է տեղադրվել, որն առաջարկվում է պտտել նորապսակներին, նրանց և մյուս այցելուների համար բարեկարգ հրապարակից դեպի բլրի գագաթը տանող աստիճաններն են ավելացել:
Բարեկարգման աշխատնքները ֆինսավորել է մի երիտասարդ՝ Կարեն Ավագյումյանը, որին արցախյան հողի հետ կապում են արմատները։ Շուրջ կես դար հետո այս երիտասարդի քայլը լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ «Մենք ենք մեր լեռները» քանդակի հեղինակն ու այն Ստեփանակերտում տեղադրողներն են ունեցել։