ԿարևորՄշակույթ

Մահացել է հոգեբանական կերպարների զուսպ վարպետը՝ Սոս Սարգսյանը

Սեպտեմբերի 26- ին 84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Մեծանուն դերասանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24- ին Ստեփանավանում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։
1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։  2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Սոս Սարգսյանը հոգեբանական ռեալիզմի դպրոցի փայլուն ներկայացուցիչներից էր, որը կարողանում էր հասնել ներքին կերպարանափոխման՝ առանց թատերական արտաքին ընդգծումների։ Նրան հատուկ էր զուսպ խաղաոճը։ Անվանի դերասանը փայլուն կերպարներ է կերտել ինչպես թատրոնում այնպես էլ 40- ից ավելի ֆիլմերում։

Հայտնի են նրա Զիմզիմովը (Սունդուկյանի «Պեպո»), Յագո («Շեքսպիրի «Օթելլո»), Գրիգոր (Սարոյանի «Խաղողի այգին»)։ Կինոէկրանին հանդիսատեսին մինչեւ այսօր էլ գրավում է նրա կերտած Մկրտիչը՝ «Եռանկյունի», ուստա Մկրտիչը՝ «Հեղնար աղբյուր», միլիցիայի քննիչը «Մենք ենք մեր սարերը», Նահապետը՝ «Նահապետ», Միրոն «Ձորի Միրո», Զամբախովը «Խաթաբալա», Հակոբը՝ «Ճերմակ անուրջներ» Մարտինը՝ «Խնձորի այգին», բժիշկ Ստեփան Եսայանը՝ «Որտե՞ղ էիր մարդ Աստծո»։

Սոս Սարգսյանը նաեւ նկարահանվել է օտարերկրյա ռեժիսորների մոտ՝ կերտելով իրեն հատուկ խորը հոգեբանական կերպարներ՝ Գիբարյանը «Սոլիարիս»-ում, Վիտալիսը «Առանց ընտանիք»- ում։

Ցուցադրել ավելի
Back to top button