ԿարևորՏնտեսական

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում շինարարությունն ակտիվացնելու նպատակով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/260913gov.mp3
2009 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները Հայաստանի տնտեսությունը դեռ զգում է: Համենայնդեպս՝ տարիներ շարունակ աճ գրանցած շինարարության ոլորտը դեռ ուշքի չի գալիս: Տնտեսական աճ  շարունակում են ապահովել արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները: 8,5 տոկոս  անկում գրանցած շինարարության ոլորտն արդեն  մտահոգում է հայրենի կառավարությանը:  Անկումն  առաջին հերթին պայմանանվորված է  նրանով , որ «էլիտային բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է, փոխարենը՝ ավելացել է պահանջարկը էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ»,- ասում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու  ներկայացնում նոր՝ 2014թ սկսվող  ծրագրի մանրամասները։

Նախ՝ կառավարությունը որոշեց  դյուրինացնել օտարեկրյա  քաղաքացիների՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու և  մշտական կացության կարգավիճակ տրամադրելու պայմանները: Առաջարկվող փոփոխություններով՝ օտարերկրացուն տրամադրվելու է մշտական կացության կարգավիճակ, եթե վերջինս  էսքրոու հաշվի միջոցով և նոտարի կողմից վավերացված գործարքով ձեռք բերի  առնվազն 40 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք: Առաջարկվում է նաև լրացվող նոր հիմքով մշտական կացության կարգավիճակ տրամադրել 10 տարի ժամկետով՝ գործող այլ հիմքերի համար նախատեսված 5 տարի ժամկետի փոխարեն:

Բացի այդ՝ առաջարկվում է առնվազն 40 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը կայացնել դիմումը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:  «Պետությունը օտարերկրացնիների համար դյուրին պայմաններ է ստեղծում, որպեսզի նրանք կարողանան բնակարան ձեռք բերել Հայաստանում»,- նախագիծն  ամփոփեց Տիգրան Սարգսյանը՝ միաժամանակ չմոռանալով, որ մեր երկրում էլ շատ են այն քաղաքացիները, ովքեր հիպոթեքային վարկավորման միջոցով ցանկանում են բնակարան ձեռք բերել, սակայն բանկերի պահանջած 30 տոկոս կանխավճարը չունեն։

Առաջիակյում հիպոթեքային վարկավորմամբ  բնակարան կարող են ձեռք բերել  պետական ծառայողները։ Կառավարության հերթական աջակցությունը կրկին նրանց է վերաբերում։ «Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով»,- ասաց Տիգրան Սարգսյանը։ Հայրենի կառավարությանը, տեղեկացնենք, որ մեր երկրում պետական ծառայողներից բացի էլի կան քաղաքացիներ, ովքեր  հատկապես Երևանում բնակարան ձեռք բերելու կարիք ունեն, սակայն, կանխավճարի հնարավորություն չունեն։

Վերադառնալով ծրագրին՝ նշենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու: Կառավարությունն այսօր դիմեց Երևանի քաղաքապետարանին, որպեսզի մայրաքաղաքի տարածքում հայտանբերեն ազատ տարածքներ, տրամադրեն կառուցապատողներին, որպեսզի հնարավոր լինի ավելի ցածր գներով Երևանում կառուցապատում իրականացնել: Առաջիկա տարիներին վերջիններս պետք է նոր ՝ էկոնոմ դասի համար տեխնոլոգիաներ մշակեն ու դրանով սկսեն աշխատել` այս կերպ նաև նվազեցնելով մեկ քառակուսի մետր տարածքի արժեքը։

Կառավարությունը մտահոգ է  նաև վնասով աշխատող կամ  շահութաբերություն չապահովող պետական  ձեռնարկությունների ճակատագրով։ «Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ: Եթե պետական ձեռնարկությունը աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին՝ եթե չկան հիմնավոր պատճառներ, ինչ պատճառով են աշխատում վնասով, կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունները, եթե աշխատում են վնասով: Դա անպահաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք։

Կառավարությունը կաջակցի  Լոռու և Շիրակի մարզերի սկսնակ գործարարներին: «Միջոցները քիչ են, ընտրվել են ամենադեպրեսիվ մարզերը, որտեղ աղքատության մակարդակը բարձր է»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Ծրագիրը մի քանի փուլից է  բաղկացած, որին  մոտ երեք հարյուր սկսնակ գործարար կարող է մասնակցել, նրանցից, սակայն, ընտրվելու է  80-ը: Նախ՝ սկսնակները դասընթացներ են անցնելու, որոնց ընթացքում էլ բիզնես ծրագրեր են մշակելու, ու եթե դրանք հավանության արժանանան, ֆինանսավորում կստանան։ «Երրորդ փուլում մոնիտորինգ է  իրականացվելու արդեն ծրագրի ֆինանսավորումից հետո: Մենք չենք ուզում սկսնակ բիզնեսին մենակ թողնել»։

Ի դեպ՝ էկոնոմիկայի փոնխախարարը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե լարված են իր և նախարար Վահրամ Ավանեսյանի հարաբերությունները։ «Մեր նախարարն ուղղակի հիվանդ է, անհիմն է ինչ-որ ենթադրություններ անելը»։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ այս տարվա սեպտեմբերի 4- ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ստեղծված  նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին:   Հիշեցնենք՝ այն ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն մի քանի նիստ անցկացրել է»,- նշեց նախարարն ու տեղեկացրեց, որ   մինչև 2014թ ապրիլ  հայեցակարգ է  մշակվելու, իսկ մինչև տարեվերջ  մշուշոտ պատկերացումներ կլինեն արդեն այն մասին, թե ինչ ուղղությամբ են  զարգանալու սահմանադրական բարեփոխումները:

Նախարարն ընդգծեց , որ հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, այն ամենը, ինչ որոշվելու է այնտեղ, հետո ներկայացվելու է ՀՀ նախագահին, և «այս պարագայում նախագահն է այն սուբյեկտը, որն իրավունք ունի կամ նախաձեռնելու, փոփխություններ կատարելու  կամ ընդհանրապես ոչինչ չանելու»:  Արդյո՞ք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումն ինչ որ կապ ունի  ՀՀ նախագահի՝  Հայաստանը  Մաքսային միությանն անդամակցելու  հայտարարության հետ։ «Այս փոլում ես դրանց չեմ անդրադառնա, որովհետև նման ձևակերպումներ կան նաև այն երկրների սահմանադրություններում, որոնք այս պահին էլ Մաքսային միության անդամ են: Ես չեմ մտնի այդ իրավական նյուանսների մեջ, կարող եմ ընդամենն ասել, որ այդ հարցով չի պայմանավորված սահմանադրական բարեփոխումները»։

Տեղեկացնենք, որ, ըստ  նախապես  արված հայտարարության, կառավարությունն այսօր՝  սեպտեմբերի 26-ին, պետք է  հաստատեր «2014թ Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը»։ Սակայն հարցը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չէր: Եվ քանի որ նախագիծը մինչև հոկտեմբերի 1- ը պետք է խորհրդարան ներկայացվի, ապա սեպտեմբերի 28-ին կառավարության անդամները  արտահերթ նիստ կգումարեն ու  կհաստատեն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։

Ցուցադրել ավելի
Back to top button