ԿարևորՔաղաքական

Կանադացի խորհրդարանականն անտրամաբանական է համարում Ադրբեջանի «սեւ ցուցակը»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ դատի Կանադայի հանձնախմբի, Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ից աշխատանքային այցով ՀՀ-ում է գտնվում Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը: Այս օրերին նա հասցրել է լինել Արցախում և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ  Աշոտ Ղուլյանի հետ: Արցախում լինելու օրերին պատգամավոր Դիոնն այցելել է  նաև Լաչին՝  անձամբ ծանոթացել այստեղ հաստատված սիրիահայերի կենսապայմաններին։

Կանադային խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցն Արցախ առաջացրել է Կանադայում Ադրբեջանի դեսպանի դժգոհությունը։ Դիոնն անտրամաբանական համարեց  Արցախ այցելող օտարերկրյա պաշտոնյաներին «սև ցուցակում» ներառելը։ «Ես մինչ Հայաստան ժամանելը  տեղյակ էի հայ-ադրբեջանական խնդրին, սակայն տեղյակ չեմ  եղել ադրբեջանական «սեւ ցուցակի» մասին, որը անտրամաբանական եմ  համարում: Ես բոլորին բացատրել եմ, որ իմ այցի առաքելությունը եղել է սիրիահայ փախստականների հետ հանդիպումը: Երբ ասում եմ անտրամաբանական է «սեւ ցուցակը»՝ անտրամաբանական է ինչ-որ տարածքի բնակչություն անջատել մարդկության մնացյալ հատվածից»։

Կանադային խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ղարաբաղեւ Հայաստան այցի տեղափոխված սիրիահայերի խնդիրներին ծանոթանալն է եղել: Վերջինս խոսելով  Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասաց, որ այն պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շրջանակում։ «Արցախցիների ու նրանց ղեկավարների հետ շփվելով՝ ես հասկացա, որ նրանք ուժեղ մարդիկ ու կողմնակից են խաղաղության»։

Կանադայի խորհրդարանի անդամը անձամբ էր հանդիպել սիրիահայերի հետ։ Նրա բնութագրմամբ՝ սիրիահայերի պամաններն այդքան էլ բարվոք չեն։ «Ես իրավասու չեմ գնահատական տալ Հայաստանի կառավարության քաղաքականությանը, բայց մի բան պարզ է` սիրիահայերը լուրջ դժվարություններ ունեն. չունեն բավարար գումար, կացարան: Նրանցից շատերը չեն պատրաստվում վերադառնալ, որովհետև գիտեն, որ իրավիճակն իրենց երկրում դեռ երկար այդպես կպահպանվի»։

Արդեն խոսելով հայ- կանադական հարաբերություների մասին՝ խորհրդարանի անդամը նկատեց, որ Կանադայում հայ համայնքն ամենակազմակերպվածներից եւ հաջողակներից է։ «Հայերը բավականին հաջողակ են, խոսում են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինտեգրված են կանադական կյանքին, բայց նաեւ պահպանում են իրենց մշակութային արմատները: Կանադան էլ ինչ-որ չափով պարտավոր է օգտակար լինել Հայաստանին»,- ասաց պատգամավորը՝ հավելով, որ կանադական դեսպանատան բացումն առավել կխորացնի հայ- կանադական հարաբերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button