Արմավիրը փնտրում է եվրոպական շուկաներ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզի գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը շուտով կարտահանվի Եվրոպա։ Իրացման ճանապարհը գտնվել է սլովակ գործարարի միջոցով, որը իր մեծածախ բազայից եվրոպական շուկային առաջարկում է շուրջ 9000 տեսակի արտադրանք: Նրա ուշադրությունը գրավել է «Արարատ» ապրանքանիշը, որը հայոց երկրիի խորհրդանիշն է և եվրոպացուն ծանոթ է Աստվածաշնչից:
Հայկական մրգերի պահածոների տեսականին հետաքրքրել է սլովակ գործարար Պավել Կոնշտյագին, ով այս օրերին Հայաստանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանայնի վերջերս Սլովակիայի Հանրապետություն կատարած այցից հետո: Հիշեցնեմ որ Արմավիրի մարզը 2009 թվականին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Սլովակիայի Տռնավայի մարզի հետ, որի շրջանակներում այժմ սկսել են գործնական քայլեր իրականացնել:
Սլովակ գործարարը 23 տարի շարունակ արտադրության ոլորտում է, և այժմ մեծ բազայի հիմնադիր է, որտեղ նա ունի 9000 տեսակի ապրանք և 200 աշխատող, ովքեր զբաղված են եվրոպական շուկայում այդ ապրանքների առաջակով: Պավել Կոնշտյագին առաջին հերթին գրավեց հայկական պահածոների փաթեթավորումը, որը շատ նման է տատիկների պատրաստած տնային պահածոներին: Սլովակ գործարարին ներկայացվեցին մարզի գյուղմթերք վերամշակող 4 ձեռնարկության արդարանքը` հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ինչպես նաև թեյեր:
Կոնշտյագը նշում է, որ հատկապես առանձնացրել է նռան և մասուրի հյութերը, խաղողի տերևի պահածոն: Իսկ նռան մասին իր անձնական հուշերն ունի, առաջին անգամ նուռը համտեսել է 30 տարի առաջ Ղրիմում և այստեղից մեծ քանակությամբ նուռ և նռան հյութ կարտահանի: Ներկայացված պահածոների մեջ Պավել Կոնշտյագի ուշադրությունը գրավեց նաև «Արարատ» ապրանքանիշով արտադրատեսակը և ուրախությամբ ասաց, որ իրենց ժողովրդին ծանոթ է այդ անունը, որպես աստվածաշնչյան լեռ, որտեղ հանգրվանել է Նոյյան տապանը։ «Ես գիտեմ, որ Արարատը ձեր երկրի խորհրդանիշն է, բայց մնացել է Թուրքիայում, Արարատ լեռան վրա է իջել Նոյը, իսկ հայերը քրիստոնեությունն առաջինն են ընդունել»,- ասաց նա։
Գործարարին ներկայացված արտադրանքի մի մասը չունի ապրանքանիշ, արտադրությունում սկսնակ են և իրենց ապրանքն իրացնում են տեղական շուկայում: «Բարիք-Պ» ընկերությունն արդեն 1 տարի արտադրում է կոմպոտներ, մուրաբաներ, գործունեությունն ընդլայնելու նպատակով իրացման շուկա է փնտրում Հայաստանի սահմաններից դուրս: Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ գյուղում չրի արտադրություն է հիմնել Շիրակ Այվազյանը : Գյուղում շատ են պտղատու այգիները, իսկ համայնքի մարզկենտրոնից կտրվածության պատճառով գյուղացիների համար դժվար լուծելի է մնում բերքի իրացման խնդիրը: Չրի արտադրամասը որոշակիորեն հեշտացրել է գյուղացիների գործը, բացի այդ՝ սահմանամերձ գյուղում բացվել են նոր աշխատատեղեր:
Համտեսելով հայկական հյութեղ կոմպոտները, հյութերն ու չրերը Պավել Կոնշտյագինը իր հետ վերցրեց մի քանի ապրանքատեսակ, որը կներկայացնի Եվրոպայում և ըստ այդմ էլ կգտնի նոր շուկաներ տեղական արտադրողների համար: