Քաղաքական

ԱԺ պատգամավորի հետ միջադեպի պատճառով «Ժառանգությունը» ներողություն է պահանջում Ռուսաստանի իշխանություններից

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր Ռուսաստանի իշխանություններից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանի եւ նրանց ուղեկցողների նկատմամբ նախօրեին Մեղրիում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների համար, , իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ըստ «Ժառանգության»,՝ երեկ առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման: Մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը։

Երեկոյան՝ հետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները:

«Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոեւ Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով  եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն  Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ»,- ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ։

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

Back to top button