Տասնմեկերորդ անգամ մեկնարկում է «Հայֆեստը»


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 1- ին։ 11-րդ «ՀայՖեստը» հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով։ Այս միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին։
«Բարձրագույն քիմիա». այս տարբերանշանով այս տարի կանցկացվի «ՀայՖեստը»։ Սեր, գաղափար, գործողություն, խիզախություն ու երազանք. առանց այս տարրերի անհնար է պատկերացնել փառատոնը, ասում է դրա նախագահը՝ Արթուր Ղուկասյանը։ «Մենք ամեն օր կունենանք և’ հայկական, և’ արտասահմանյան ներկայացումներ: «ՀայՖեստը» կրկին լեփ լեցուն է ժանրերով` և դրամատիկական, և’ բացօթյա, և’ պարային, և’ մուլտիմեդիա, և’ տիկնիկներ»:
Փառատոնին կմասնակցեն 18 երկրի 25 թատերախումբ` ՄԵծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն: Այս տարվա նշանավոր ներկայացումներից է Լիտվայի Օսկարա Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը` ըստ Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի։
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով` վերջապես Լիտվայի մշակույթի նախարարության աջակցությամբ հայ հանդիսատեսը հոկտեմբերի 10- ին ռուսական թատրոնում հնարավորություն կունենա դիտելու նշված ներկայացումը: Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից:
Փառատոնի բացումը կազդարարի ՄԵծ Բրիտանիայի «1927» թատրոնը «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ։ Ներկայացումը 2011 թվականին Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնի լավագույնների շարքում է եղել: