Քաղաքական

Նոր թելադրվող խաղային կանոնները դժվարացնելու են ՀՀ քաղաքացու կյանքը. «Ժառանգության» փոխնախագահը ՄՄ մասին

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

1991 թվականից սկսած Հայաստանը չունեցավ լեգիտիմ իշխանություն, դրա համար էլ մենք կորուստներ ենք ունենում, այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` վերլուծելով  22- ամյա անկախ Հայաստանի անցած ճանապարհը: Ստեղծված տնտեսական և քաղաքական ծանր վիճակում հայտնված հանրապետության  ճակատագրում, ըստ քաղաքական գործչի, ունի իր մեղքի բաժինը նաև ընդդիմությունը: «Այս տարիների ընթացքում հասարակությունը կարճատև պայքարի միջոցով էր ցանկանում հասնել արդյունքի, իսկ անհամբերությունը հնարավորություն չտվեց ճաշակել երկարատև պայքարի պտուղները: Քաղաքական ընդդիմադիր ուժերն էլ կամքի բացակայության հետևանքով չկարողացան հանդես գալ միասնական ձևաչափով, արդյունքում՝ տուժեց նորանկախ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին»,- ասում է նա։

Ապագայի հետ կապված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը մտավախություն ունի` կապված «և… և»- ի արտաքին քաղաքականության հետ։ Երկար ժամանակ է Հայաստանը բոլոր իր մարդկային և տեխնիկական ռեսուրսները կենտրոնացրել է եվրոպական արժեհամակարգը որդեգրելու համար, և բոլոր խողովակներով փորձում էր Եվրոպային համոզել, որ ՀՀ պատրաստ է Եվրոպական ընտանիքի մաս կազմել: Այսօր Հայաստանի արտաքին վեկտորը շեղել է իր ուղղությունը դեպի Եվրասիական միություն, որը, ըստ <Ժառանգություն> կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, անակնկալ որոշում էր և անընդունելի տարբերակ:

«Նոր թելադրվող խաղային կանոնները դժվարացնելու են ՀՀ քաղաքացու կյանքը»,- բարձրաձայնում է քաղաքական գործիչը և օրինակ բերում Ուկրաինային տարբերակը, որը նույնպես հայտնվելով ինչ- որ առումով Հայաստանի կարգավիճակում, Ռուսաստանից ստանում է սպառնալիքներ ապրանքների արտահանման հարցում` հայտնվելով մաքսային նոր դժվարությունների առջև։

Իշխանությունը միասնական չէ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի կայացրած որոշման  հարցում, ավելին` գործադիրի որոշմամբ ձևավորված  հանձնաժողովի (որը պետք է կազմակերպի Մաքսային միությանը Հայաստանի միանալու օրենսդրական փաթեթը) անդամներն անգամ չգիտեն, թե ինչ խնդիր է փաստացի լուծելու ձևավորված հանձնաժողովը, քանի որ անորոշությունները անթիվ են, նկատում է Արմեն Մարտիրոսյանը:

Ներքին քաղաքականությունը, որն ուղիղ համեմատական է արտաքին քաղաքականությանը, այսօր նույն երկբևեռ ուղղության կրողն է:  «Հասարակության մոտ կա հիասթափության էլեմենտ, ով սեփական դաշտում է  փորձում լուծումներ գտնել, ինչը բերում է  արտագաղթի տեմպերի ավելացման:  Հասարակության անդամների մեջ չկա մեկը, ով բողոքավոր չլինի, դժգոհությունը համատարած է: Եթե մի բան հանկարծ եղավ, դա հեղեղի նման է լինելու, որովհետև հասարակության բոլոր շերտերը բողոքավոր են»,- մտավախություն է հայտնում «Ժառանգության»  փոխնախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button