Մեկնարկում է Կոմիտաս վարդապետի փառատոնը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/250913komitas.mp3
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է Կոմիտաս վարդապետին նվիրված փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա վաղը Կոմիտասի անվան պանթեոնում՝ Մեծն վարդապետի ծննդյան օրը: Ներկայացնելով փառատոնն ու դրա նպատակները՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այն պետք է դառնա ավանդական:
Փառատոնի նպատակն է նորովի արժևորել բազմաշնորհ հանճարի անցած ուղին, նոր լույսի ներքո ճանաչելու Հայոց ցեղասպանությունը ապած արվեստագետի կերպարը: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը, որի շրջանակներում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում տեղի կունենան համերգներ, Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտաժողով և այլ միջոցառումներ:
Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 3- ի երեկոյան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք շքահամերգով: Ի դեպ՝ ինչպես նշեց փառատոնի ղեկավարը` փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել սփյուռքահայ և այլազգի ավելի քան 150 կատարողներ աշխարհի 11 երկրներից: