ԿարևորՏնտեսական

Մաքսային միության բարիքներն են այսօր ներկայացրել հայ եւ ռուս փորձագետները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանը Հայաստանի նախանշված անդամակցության հեռանկարներին այսօր կայացած Երևան–Մոսկվա տեսակամուրջի շրջանակներում անդրադարձել են հայ և ռուս փորձագետները: Տնտեսական մերձեցման առավելությունները և հանրային ընկալումը դարձան քննարկման հիմնական հարցերը։

«Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ներկայացվեցին այս տնտեսական մերձեցման միայն դրական կողմերը։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը սպասելի քայլ էր, նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիտորդի կարգավիճակում մինչ այդ հետևել է Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին։ «Առևտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների միջև՝ Ռուսաստանի, Բելարուսի և Ղազախստանի հետ վերջին երեք տարիների ընթացքում շատ ակտիվ և դրական զարգացում են ապրում: Մասնավորապես՝ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 20 տոկոսով»։

Մեծ է և ռուսական ներդրումների բաժինը հայաստանյան տնտեսությում՝ ընդհանուր ծավալի շուրջ 40 տոկոսը, ղազախական կողմը ներկայացված է բանկային ոլորտում, իսկ Բելարուսի հետ զարգանում են առևտրային հարաբերությունները, նշեց փորձագետը։

Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը հրապարակեց օրերս իրականացված մի հարցման արդյունքները, ըստ որոնց՝ հայաստանցիների շուրջ 67 տոկոսը սատարում է Մաքսային միությանը մեր երկրի անդամակցությունը և միայն 5 տոկոսն է կտրականապես դեմ։ «Սա աջակցության շատ բարձր և հարմար ցուցանիշ է՝ լուրջ քաղաքական որոշումների ընդունման համար: Նախնական հաշվարկները վկայում են, որ երկամյա հեռանկարում Մաքսային միությանը անդամակցության պարագայում Հայաստանի ՀՆԱ- ն կարող է ավելանալ ավելի քան 4 տոկոսով»։

Մաքսային Միության կազմում Հայաստանը կազատվի ներկրման տուրքերի վճարներից, մասնավորապես՝ ռուսական գազի դիմաց տարեկան 140 մլն ԱՄՆ դոլար  չափով: Փորձագետը նշեց, որ Մաքսային միությունը ենթադրում է միասնական տնտեսական տարածք, որով բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև աշխատանքային միգրանտների համար։

Ըստ ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի՝ Հայաստանն այսօր տնտեսապես շատ դանդաղ է զարգանում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման։ «Հայաստանը մոտ ապագայում պետք հասնի լուրջ տնտեսական աճի: Մոտակա 2-3 տարում պետք է հասնել 5-7 տոկոս ՀՆԱ-ի աճի»։ Առաջխաղացումը հնարավոր է ապահովել տնտեսության արդիականացման միջոցով, և այստեղ Ռուսաստանը կարող է որոշիչ դեր կատարել, նշեց ռուս փորձագետը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը ողջունելի է համարում Մաքսային միության հենքի վրա տնտեսական մերձեցումը և ներմուծման տուրքերի վերացումը։ «Դա տնտեսապես ձեռնտու է Հայաստանին: Այն ծածկում է ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված բացասական կողմերը»։

Մաքսային Միության անդամակցության հեռանկարները մեր երկրում մեծ հասարակական քննարկումների առիթ է դարձել, իր հերթին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։ «Վերջին 20 տարվա ընթացքում մեզանում կարծիք է ձևավորվել, որ Հայաստանը փակուղային երկիր է՝ շրջափակված 2 կողմից՝ ունենալով ելք միայն դեպի Վրաստան և Իրան: Աբխազյան երկաթգծի վերաբացման պարագայում կունենանք միասնականության զգացում, Եվրասիական մեծ տարածքին պատկասնելիության զգացողություն, ինչը կփոխի խոսակցությունների որակն այս թեմայով»։

Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհին անհրաժեշտ է իրականացնել իրավական և օրենսդրական զգալի փոփոխություններ: Այս առումով դժվար է կանխատեսել, թե երբ Հայաստանը կկարողանա օգտվել Մաքսային միության բարիքներից։

Back to top button