ԿարևորՀասարակություն

«Արենի 1» քարայրն ու երիտասարդ գիտնականների հույսը. ՀՀ նախագահի այցը Արարատ եւ Վայոց ձոր

Հասմիկ Դիլյանյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով միանգամից երկու՝ Արարատի ու Վայոց ձորի մարզեր  է այցելել: Սերժ Սարգսյանը Արարատի մարզի Այնթապ  համայնքի նորակառույց մսուր- մանկապարտեզ է այցելել, ապա Վեդու նորակառույց մշակույթի տուն: Երկու կառույցներն էլ նախագահի հանձնարարականով են կառուցվել: Վայոց ձորի մարզում նախագահը Արենի  է այցելել:

Տասնամյակներ շարունակ Արարատի մարզի ամենամեծ համայնքը՝  Այնթապը, մանկապարտեզ չի ունեցել: Մայրաքաղաքին թերևս ամենամոտ գտնվող համայնքի երեխաները ստիպված են եղել հաճախել հարակից գյուղերի մանկապարտեզներ: Ապագա սերունդները թերևս չեն էլ հասկանա, թե ինչպես կարելի է սեփական համայնքի նորակառույց մանկապարտեզը թողած հաճախել բնակավայրից  հեռու գտնվող մանկապարտեզ:

Տարիներ հետո նրանք գուցե նաև չիմանան, որ տասնամյակներ շարունակ իրենց գյուղում մանկապարտեզ չեն ունեցել: Եվ միայն  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարականով  է կառուցվել երկհարկանի մանկապարտեզը, որը  գտնվում է գյուղի կենտրոնում, այն այս ուսումնական տարվանից իր դռներն է բացել այնթապցի 144 երեխաների առջև: Տեղացիները հպարտությամբ են խոսում իրենց նորակառույց մանկապարտեզի մասին։

Նախագահին Այնթապում սպասում էր նաև նույն գյուղի 12-րդ փողոցի 12 տան բնակչուհի  Գյուլնարա Պետրոսյանը,  ում տունն  այս տարվա մայիսի 17 լույս 18 գիշերը գազի պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել էր: Բազմաթիվ դռներ է ծեծել, այսօր հուսահատված նախագահին էր սպասում։

«Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, ութ հոգուց է բաղկացած իմ ընտանիքը, հիմա ես վարձով եմ ապրում։ Գյուղապետարանն ընդամենը 300 հազար դրամ է հատկացրել, 50 հազար դրամ մարզպետարանն է տրամադրել, 45 հազար դրամ էլ արտակարգ իրավիճակների նախարարությունն է տրամադրել, քանի որ տղաս իրենց մոտ է աշխատում: Ես տուն եմ ուզում, ունեմ 26 տարեկան հաշմանդամ տղա: Թոռնիկ ունեմ, մենք վարձով ենք մնում,, չեմ ակրողանում վարձը տալ»,- ասում է տիկին Գյուլնարան։

Նախագահ Սերժ Սարգսյանի  հաջորդ կանգառը Արարատի մարզի Վեդի քաղաքն էր, որտեղ  էլ տոնական տրամադրություն էր տիրում: Կրկին նախագահի հանձնարարականով Վեդիում այսուհետ կվերականգնվեն մշակութային երբեմնի ավանդույթները: Վեդեցիների առջև իր դռներն է բացել բոլորովին նոր վերանորոգված երկրհարկանի մշակույթի տունը: «Նախկին շենքից միայն պատերն էին մնացել, 1988թ վերանորոգման նպատակով հին շենքը քանդվել էր, սակայն, այդպես էլ մնացել էր»,- ասում է Վեդիի քաղաքպետ Վարուժան Բարսեղյանը՝ հուսալով, որ  քաղաքի երբմենի մշակութային ավանդույթները կվերականգնվեն:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի  տեղեկացմամբ՝ պետբյուջեից 350 մլն դրամ է ծախսվել: «ՀՀ նախագահի հանձնարարականով 2011թ նախագծման աշխատանքներից հետո անմիջապես սկսվեցին շինարարական աշխատանքները»։ Եվ այսօր արդեն շահագործման է հանձնվում մշակութային կենտրոն, որը համապատասխանում է  բոլոր չափանիշերին: Հիմնական աշխատանքներն սկսվեցին 2012թ կիսամյակից հետո, այս տարի արդեն հասցրեցին ավարտել:

Հանրապետության նախագահի  աշխատանքային այցը շարունակվեց արդեն Վայոց ձորի մարզում: Սերժ Սարգսյանը ծանոթացավ «Արենի 1» քարայրի պեղման աշխատանքներին։ Հիշեցնեմ, այստեղ էին հայտնաբերվել աշխարհի ամենահին կոշիկն ու գինու արտադրությունը: 2007թ.- ից տարածքում  պեղումներ են կատարվում: Արենի գիտական արշավախմբի ղեկավարը Հնագիտության և ազգագրության  ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն է: Քարայրի ներսում կենսաբանական մնացորդները չեն քայքայվել, մեզ են հասել տարբեր սերմեր, հատիկներ…

Սա ուսումնասիրման համար եզակի հնարավորություն է, ասում է հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Աշխարհում հազվադեպ հուշարձաններ կան, որոնք այսպիսի պահպանվածությամբ նյութեր  կարող են տրամադրել: Հուշարձանն իր գիտական նշանակությամբ եզակի է ոչ միայն հայկական լեռնաշխարհում»,- ընդգծում է նա։

Լուսինե  Մարգարյանը հնագիտական գործվածքներ է ուսումասիրում, «Արենի 1» քարայրի պեղումներին մասնակցում է 2010 թ.-ից: Խնամքով ու համբերատարությամբ պատմում է, թե ինչ է հայտնաբերել աշխատելիս: Լուսինեն և իր ընկերներն ամենաշատ ու ամենամոտիկից են ծանոթ պեղված նյութերին։ «Բուսատեսակի ուսումնասիրությունը շատ կարևոր է, տնտեսական ինչ նշանակություն է ունեցել տվյալ ժամանակահատվածում ապրողը, և ամենակարևորը՝ որ բուսականության, բնորոշում է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում են ապրել: Տվյալ բույսի առկայությունն ու այժմ դրա բացակայությունը վկայում է կլիմայի որոշակի փոփոխության մասին։ Տարածքում  կան բուսատեսակներ, որոնք արդեն ոչնչացել են»։

Հավելեմ, որ այս հրաշալի տարածքն  առայժմ փակ է զբոսաշրջիկների համար, աշխատանքներ են տարվում, որպեսզի որոշակի հեռավորությունից նրանք ևս  կարողանան տեսնել ու հիանալ վայոցձորյան հրաշալի բնությամբ ու քարայրով։

Եվ վերջում՝ նկատենք, որ այս տարածքում պեղումներ կատարում են հիմնականում երիտասարդները, նրանք նշում են, որ չնայած շատ քիչ են վարձատրվում, այդուհանդերձ սիրով  ու նվիրումով են մոտնեում իրենց աշխատանքին: Երիտասարդ գիտանականները  հույս ունեն՝ գուցե մի օր  իրենք էլ ֆինանսապես ապահովված կլինեն ու արժանավայել աշխատավարձ ստանան:

Back to top button