Քաղաքական

Սխալ է ամեն ինչ մերժելը. քաղաքագետը քաղաքացիական շարժումների մասին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/240913Surenyanc.mp3
Այսօր Հայաստանում ծավալվող քաղաքացիական շարժումները 2008-ից հետո ունեցած ամենակարեւոր ձեռքբերումն է, կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Կարեւորելով քաղաքացիական հասարակության դերը` քաղաքագետը միաժամանակ շեշտում է, որ մյուս կողմից ինքը նկատում է քաղաքացիական շարժումների շուրջ ստվերային երեւույթներ, ինչը խանգարում է դրանց կայացմանը այն ճիշտ ձեւաչափի մեջ, որն առկա է աշխարհում։

Խնդիրներ Փակ շուկայի հետ կապված կան, սակայն, քաղաքագետի դիտարկմամբ, ոմանք փորձում են պարզապես դրանից դիվիդենտներ շահել եւ ոչ թե բուն խնդիրը լուծել: Սուրենյանցը նկատում է, որ Փակ շուկան ավելի շատ խնդիրներ է ունեցել մինչեւ մասնավորեցումը, սակայն դրա մասին որեւէ մեկը չի խոսել: Հիմա խոսում են` պնդելով, թե դա մինիպայքար է, որը պետք է վերածել մեծ քաղաքական պայքարի: Այս մոտեցումը Սուրեն Սուրենյանցն անհասկանալի եւ անընդունելի է համարում քաղաքացիական շարժման պարագայում։

Սխալ է ամեն ինչ մերժելը, ամեն ինչ չի կարող դեմագոգիկ հարթության մեջ լինել, շարունակեց վերլուծաբանը: Քաղաքագետի ձեւակերպմամբ` քաղաքաշինական խնդիրը կապ չունի այն հայտարարությունների հետ, որոնք անում են տվյալ պարագայում քաղաքացիական շարժման նախաձեռնողները: Քաղաքագետի համոզմամբ` շատ կոնկրետ շրջանակներ քաղաքացիական շարժումները պարզապես փորձում են օգտագործել` երկրում լարվածություն առաջացնելու համար։

Քաղաքաշինական խնդիրներ պետք է հետապնդվեն, սակայն դրանք չպետք է կաղապարված լինեն, այլապես` կուսական մոտեցումներ որդեգրելով առաջընթաց չի կարող լինել, քանի որ միշտ էլ կարող է գտնվել մի խումբ, որը կբողոքի, ընդ որում` առանց օրակարգ առաջադրելու, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նա չի կիսում սեւ-սպիտակի առաջադրումը: Այսինքն՝ ոչ թե խոսվում է թերությունների մասին, որոնք պետք է շտկվեն, չի խոսվում աղճատման մասին, որը պիտի վերականգնել, այլ ասվում է` սա չպետք է լինի եւ վերջ:

Դեմ եմ ամեն ինչ ոչնչացնելու, ամեն ինչ մերժելու մոտեցմանը, շեշտեց քաղաքագետը։ Նկատելով, որ սեպտեմբերի 3-ից հետո քաղաքացիական շարժումները գրեթե մարել են, Սուրեն Սուրենյանցը եզրակացնում է, որ դա պատահականություն չէր։

Ցուցադրել ավելի
Back to top button