ՀասարակությունՏնտեսական

Հայկական դրամների պատմությունն սկսվում է մ.թ.ա. III դարից ու հասնում մեր օրերը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նոյեմեբրի 22-ին լրանում է հայկական դրամի շրջանառության քսանամյակը, որի առթիվ ՀՀ գլխավոր դրամատունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել:  Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում ԿԲ նախաձեռնությամբ այսօրվանից բացվել է ու մինչև սեպտեմբերի 29-ը գործելու է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» խորագրով ցուցադրությունը, որի ժամանակ բացի ներկայացված դրամներից  այցելուները կարող են նաև ծանոթանալ հայկական դրամագիտության  պատմությանը։

 http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/240913dram.mp3

Աշխարհին հայտնի ամենահին  հայկական  դրամները մ.թ.ա երրորդ դարի երկրորդ կեսին հատել են  Ծոփքի  հայոց թագավորները: Այստեղից էլ սկսվում է  հայկական դրամի պատմությունը, որը հետաքրքրաշարժ դրվագների պակաս չունի:  ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը առանձնացնում է  հատկապես Տիգրան Մեծի գահակալման շրջանում թողարկած դրամները:  Դրանք այն եզակի դրամներն էին, որտեղ հայկական թագն է պատկերված, այն որևէ այլ թագավորների հատած դրամներում չի հանդիպում, ասում է դրամագիտության փորձագետն ու շարունակում. «Բագրատունյաց թագավորության շրջանում մենք հայկական դրամներ չենք ունեցել, սակայն կա մի շատ հետաքրքիր փաստ. Լոռվա ճյուղի Բագրատունիներից Կյուրիկե Երկրորդը (11-րդ դարի կես)  թողարկել է եզակի մի դրամ, որը մեզ եզակի օրինակներով է  հասել, դա բացառիկ է նրանով, որ մեզ հայտնի առաջին մետաղադրամն է, որոնց վրա մակագրությունները հայերեն են եղել»։

Կիլիկյան հայոց թագավորների հատած դրամները առանձնանում են խաչապատկերներով, գրեթե բոլորը հայատառ են, թեեւ, ասենք Լևոն Առաջինի  թողարկած դրամները լատինատառ են։ Հեթում Առաջին թագավորի հատած դրամների մի կողմը հայատառ է, մյուս կողմը՝ արաբատառ: Սրանք, սակայն, բացառություններ են, ասում է  փորձագետը:

Հայաստանի երրորդ հանրապետության  կամ մեր ժամանակից թղթադրամները, մասնագետների պնդմամբ, իրենց ձևավորմամբ, պատրաստման որակով ու պաշտպանվածությամբ չեն զիջում եվրոպական երկների լավագույն թղթադրամերին: «Դրանք բավականին հագեցած են պաշտպանական հատկանիշներով, շատ բարձր տպագրության որակ ունեն, կարևոր է, որ ձևավորված են հայկական ոճի մեջ, մեր աւժեքներն են ներկայացնում»,- ասում էԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը։

Հրազդանում այսօր բացված ցուցադրությանը ներկայացված ամենահին թղթադրամը հատվել է 1899թ, ներկայացված է 36 հին մետաղադրամ, տարբեր ժամանակներում կիրառված, սակայն այժմ գործածությունից դուրս մնացած  100-ից ավելի թղթադրամներ, 175 հուշադրամ, որոնք հատվել են  վերջին տարիներին։

ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը կարևորում է հատկապես  քաղաքացիների՝ ֆինանսական գիտելիքների  ավելացումը: Սոցիոլոգիական վերջին հետազոտությունները պարզել են, որ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսը խնայում է  իր միջոցները, սակայն նրանց միայն  վեց տոկոսն է դրանք ֆիանսնական այս կամ այն կազմակերպությանը վստահում: Սա թերևս ֆինանսական գիտելիքների  պակասի պատճառով է նաև։ «Տարին մեկ այսպիսի միջոցառում ենք կազմակերպում, բայց այս տարի, քանի որ դրամի 20-ամյակն է, այդ պատճառով երկրորդ ցուցահանդեսը կազմակերպեցինք, որպեսզի ավելի ինտենիսվանա այն գիտելիքները, որ մենք հաղորդում ենք հատկապես երիտասարդ սերնդին»,- ասում է նա։

Ներկաներից փորձեցինք պարզել, թե ինչ հիշողություններ են առաջացնում հատկապես շրջանառությունից դուրս եկած դրամները: Պարզվեց՝ ոմանք մոտ դրանք հիշողություններ են արթնանում են: «Ճիշտ է՝ հիշողությունը քրիստոնեությունից առաջ չի ակրող լինել, բայց որպես մասնագետ կապող եմ ասել, որ շատ հետաքրքիր տեսականի է ներկայացված: Հուզմունքով անցա Տիգրան Մեծի, Կիլիկյան արքայատոհմերի դրամների կողքով»,- ասում է զրուցակիցներիցս մեկը։

Հավելեմ, որ նմանատիպ ցուցադրություններ  կազմակերպվել են ՀՀ ութ մարզկենտրոններում և Ստեփանակերտում, ծրագիրը   շարունակական է լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button