Իրավապահները՝ խղճի ազատության մասին


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր ներկայացրեց «Իրավունք և հանդուրժողականություն» ծրագրի արդյունքները: Հայ իրավապաշտպաններին հուզում է մեր երկրում խղճի և կրոնի ազատության առկա իրավիճակը, և այս ծրագրի նպատակն է նպաստել դրա բարելավմանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ է համարում մեր երկրում խղճի և կրոնի ազատության իրավիճակը: Ըստ նրա՝ այս ոլորտում առկա է սուր անհանդուրժողականություն, որը գալիս է իշխանությունների, Հայ Առաքելական Եկեղեցու և մամուլի կողմից: Այս ամենը չի կարող չազդել հասարակական կարծիքի վրա, նշեց իրավապաշտպանը:
Բացը լրացնելու նպատակով ստեղծվեց առանձին կայք և խումբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որոնց միջոցով փորձ է արվել հասարակությանը ներկայացնել անաչառ տեղեկատվություն հարցի վերաբերյալ: Կրոնական հանդուրժողականությանը նվիրված արդյունավետ սեմինար կազմակերպվեց լրագրողների հետ, նշեց Իշխանյանը:
«Իրավունք և հանդուրժողականություն» մեկամյա ծրագիրը իրականացվել է ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ և իրավապաշտպանները մտադիր են այն շարունակել: Անդրադառնալով կրոնական փոքրամասնությունների գործունեությանը՝ իրավապաշտպանը նկատեց, որ դրանք վարում են ակտիվ քարոզչություն, ինչպես քաղաքական ուժերը նախընտրական շրջանում:
Ծրագրի ընթացքում տեղ գտած առանձին հրապարակումներ մեծ ուշադրույթյան արժանացան մասնավորապես Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչների կողմից, սակայն կրոնական այլ կազմակերպություններ որպես կանոն խուսափել են իրավապաշտպանների հետ շփումներից: