Մշակույթ

Այվազյանական փառատոնը շարունակվում է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայ արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ, հրապարակախոս Աղասի Այվազյանին այսօր քչերն են ճանաչում, քանի որ վերջինիս վաստակն ու գրական գործունեությունը գրեթե չի լուսաբանվում: Այվազյանի մահից հետո 2010 թվականին արձակագրի կնոջ` Գրետա Այվազյանի նախաձեռնությամբ  կազմակերպվեց Այվազյանական ընթերցումների և փառատոնի շարքը. նպատակը ամուսնու թողած  գրական ժառանգությունը քարոզելն էր։

Թատերագետ Լևոն Մութաֆյանն այսօր անկեղծացավ, որ մենք այդպիսի դրամատուրգներ քիչ ունենք, որոնք ձևավորում են թատրոնի տեսակ: Նախորդ փառատոնն իր շուրջ է համախմբել պրոֆեսիոնալ, երիտասարդական, սիրողական, դպրոցական թատրոնների:  Այս տարի ևս կկազմակերպվի Այվազյանական փառատոն, որին մասնակցելու հայտերն արդեն իսկ շատ են: Այս անգամ մասնակից քաղաքների աշխարհագրությունն էլ է մեծացել։

Սա այն եզակի փառատոներից է, որի  պետական աջակցությունը  շատ քիչ է։ Այվազյանի այրին դիմել է բազմաթիվ մարդկանց ու  կառույցների, սակայն դեռ արձագանքներ չկան: Այս փառատոնը մեծ ֆինանսներ չի պահանջում, պահանջում է վերաբերմունք, որը չկա, նշեց Մութաֆյանը: Բանասիրական գիտությունների թեկնածու,  այվազյանագետ Անի Փաշայանն էլ ավելացրեց, որ փառատոնի օրն արդեն երրորդ անգամ հետաձգվում է։

«Եթե Հայաստանում այսօր ամեն երրորդ մարդը սովածության է մատնված, հավանաբար՝ պետք չէ մտածել մշակույթի և թատրոնի մասին, այլ պետք է մտածել ինչպես կերակրել մարդկանց: Բայց մենք առաջին քրիստոնյաներն ենք, և մեզ նաև հոգևոր սնունդ է պետք»,- նշեց Գրետա Այվազյանը՝ նշելով ու շատերին դիմել է ու սպասելիքներ ունի:

Այվազյանագետ Փաշայանը  կարծում է, որ Այվազյան անունը  մոռացության մատնված չէ, գործերն են  անճանաչելի։ Նրա գեղարվեստական գրականությամբ, ըստ Անի Փաշայանի, շատ բան կարելի է առողջացնել հասարակության մեջ և սա էլ մղել է  փառատոնի կազմակերպման անհրաժեշտությանը: Փաշայանի ձևակերպմամբ` Այվազյանի 25 պիեսները նոր խոսք են թատրոնի պատմության մեջ։

Այս տարի մշակույթի նախարարությունը ոչ թե գումարն ուղղորդել է բուն փառատոնի կազմակերպմանը, այլ ուղարկել է մեկ այլ թատրոն, որը պետք է պատրաստի ներկայացում` ըստ Աղասի Այվազյանի պիեսների։

Back to top button