Հասարակություն

ԱՄՆ դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ քննարկել է քաղաքացիական ակտիվիստներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:

Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆֆերնը կարևորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ՝ դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին։

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրեց միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին։ Ջոն Հեֆեռնը հույս հայտնեց, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը։

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն և վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ցուցադրել ավելի
Back to top button