ԿարևորՔաղաքական

ԱԺ էթիկայի հանձնաժողովը մերժեց հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը (լրացված)

լրացված է ժամը 17։29- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի էթրիկայի հանձնաժողովն այսօր մերժել է  ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանի վերաբերյալ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի քննությունը: Ներկայացված պնդումները որևէ ապացույցով հիմնավորված չեն.  մերժումն այսպես է հիմնավորել  էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը: Նա նաև նշել է, որ նոր ապացույցներ ունենալու դեպքում կազմակերպությունը կարող է նոր դիմում ներկայացնել:

Դիմումի մեջ ներկայացված պնդումները որևէ ապացույցով հիմնավորված չեն, ասում է  ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը՝ բացատրելով, թե ինչու է հանձնաժողովը  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին առնչվող դիմումի քննությունը մերժելու որոշում կայացրել: Դիմումը ներկայացրել էր «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, այն վերաբերում է հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանին, ավելի ստույգ ՝ նրա ձեռնարկատիրական գործունեությանը:

Կենտրոնը  ԱԺ էթիկայի հանձնաժողով էր  դիմել  պատգամավորի կողմից    օրինաստեղծ աշխատանքը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու հարցը քննության առնելու և  ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու պահանջով: «Միակ փաստաթուղթը, որը կցված է դիմումին, պետռեգիստրի քաղվածքն է, համաձայն որի Հերմինե Նաղդալյանը տվյալ կազմակերպությունում  հանդիսանում է բաժնեմաս ունեցող: Միաժամանակ՝ պատգամավորի կողմից փաստաթուղթ է ներկայացվել, ըստ որի՝ այդ բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման: Որևէ այլ ապացույց դիմումին կցված չէր, հենց այդ պատճառով հանձանժողովը որոշել է մերժել դիմումի քննությունը»:

Ապացույցներ կցելու դեպքում կենտրոնը կարող է նորից դիմել Էթիկայի հանձնաժողով, ասաց Դավիթ Հարությունյանը: Իսկ արդյո՞ք հանձնաժողովն ինքը, դիմումի առկայությունը հաշվի առնելով,  չէր կարող ուսումնասիրել խնդիրն ու ապացույցյներ ձեռք բերել՝  պատասխանելով  «Ռադիոլուրի» այս  հարցին՝ Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե  հանձանաժողովին նման նախաձեռնության  իրավունք վերապահելը վտանգավոր մոտեցում է համարում: «Դա շատ նման կլինի դատարանին, որն իր  գործունեության ընթացքում դառնում է նաև մեղադրող: Այդ տեսանկյունից  կարծում եմ՝  շատ ճիշտ է մեր մոտեցումը, որ դիմող կողմը պարտավոր է ներկայացնել ապացույցներ, երբ ինքը մեղադրում է որևէ մեկին վարքագծի կանոնները  խախտելու մեջ»:

Հիշեցնենք, որ  հակակոռուպցիոն կենտրոնը էթիկայի հանձնաժողով դիմելու  հիմք էր համարել  «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ հրապարակումը, ըստ որի՝ առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Նաղդալյանին պատկանող ընկերության հետ: Նույն խնդրով կազմակերպությունը դիմել էր նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը նույնպես մերժել էր դիմումի քննությունը՝ պատճառաբանելով, որ   պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի:

Իսկ Հերմինե Նաղդալյանին առնչվող դիմումը առաջինն էր  ու նաև օրակարգային միակ հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստում: Աշնանային նստաշրջանի առաջին նիստը հանձնաժողովն անցկացրեց փոփոխված կազմով,  նաև անդամների նվազած քանակով:

Նախկին 7 անդամների փոխարեն հանձնաժողովն այժմ ունի 5 անդամ: Ընդդիմադիր խմբակցություններից մեկի՝ ՀԱԿ-ի հրաժարումից հետո, ՀՀԿ-ն հետ է կանչել իր 2 անդամներից մեկին՝  ընդդիմադիր և իշխանական ուժերի հավասրակշռությունը պահպանելու համար: Այժմ հանձնաժողովում 2 տեղ ունեն կոալիցիոն խմբակցությունները, 2 տեղ ընդդիմադիրները, 1 տեղ էլ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Այսօրվա նիստին չէր մասնակցում «Ժառանգության» ներկայացուցիչը : Թե 4 անդամների քվեարկության ինչ արդյունքով է որոշվել մերժել այսօր քննարկվող դիմումը, Դավիթ Հարությունյնաը չբացահայտեց : ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը խոստացավ  որոշմանն անդրադառնալ  ավելի ուշ, բայց նշեց, որ որոշումը միաձայն չի ընդունվել: Ի դեպ, Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, ՀՅԴ Գերագույն մարմնի այսօրվա ժողովի  ընթացքում քննարկվելիք հարցերից մեկն էլ էթիկայի հանձնաժողովում ՀՅԴ մասնակցությունը շարունակել- չշարունակելու   հարցն է:

Ցուցադրել ավելի
Back to top button