ԿարևորՀասարակություն

Սոցիալական խնդիրները՝ անտառահատման պատճառ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ապօրինի ծառահատումների քանակը վերջին մի քանի տարիներին  նվազել է: 2003 թ  ծառահատվել  է   42 հազար,  2012- 1320, իսկ 2013- ին 524 ծառ: «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանի խոսքով՝ անտառահատումների կեսից ավելին բաժին է ընկնում Գեղարքունիքի մարզին: Միայն այս տարի արձանագրվել է 150 դեպք։

2013 թ.-ին ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է, վերջին տեղում՝ Տավուշը։ «Տարբեր մարզերում արված անտառահատումների մոնիթորինգի արդյունքները ցույց տվեցին, որ 2004 թ.-ից այս կողմ ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, 2013թ.-ից մինչ այսօր հանրապետության տարածքում հատվել է մոտ 524 ծառ»,- տվյալներն այսօր ներկայացրեց «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանը։

Քննարկմանը ներկա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն անդրադառնալով ոլորտի խնդիրներին մատնանշեց մի քանիսը. «Անտառվերականգնման գործում մեր խնդիրներից մեկը բանվորների հարցն է, ինչպես նաև անտառակառավարման պլաններով տարեկան սահմանված բնափայտի ծավալը չի բավարարում ազգաբնակչության վառելափայտի պահանջը»,- ասաց։ Մարտուն Մաթևոսյանը նշում է, որ կարևոր խնդիր ունենք անտառամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական վիճակի  հարցում. «Գարնանից սկսած այս բնակիչներն ապրում են անտառով, և եթե մենք կարողանանք այդ բնակավայրերում մանր ու միջին բիզնեսը զարգացնել, մեծապես կնպաստենք նրանց սոցիալական խնդիրների լուծմանը»։

Քննարկման ժամանկ անտառհատումների դեպքերի նվազեցման համար լուծումներ առաջարկեց  ATP բարեգործական հիմնադրամի ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը սկսի փայտ  ներմուծել, ապա անտառհատումները կնվազեն։ Մելիքյանին առաջարկում է նաեւ ենթակառուցվածքային փոփոխություններ. մեծացնել «Հայանտառի» լիազորությունները: Նա ինչ- որ տեղ արդարացնում է անտառհատումները, քանի որ բանվորներն ստանում  են շատ չնչին աշխատավարձ՝ մոտավորապես 60- 70 հազար դրամ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի խոսքով՝ վերջին 10 տարիներին գլխավոր հատումներ չեն իրականացվել, իրականացվել են միայն սանիտարական հատումներ, իսկ ապօրինի հատումների նվազումն ակնհայտ է: Ինչ վերաբերում է շինարարական փայտի արտահանմանը, Մարտուն Մաթևոսյանը նշեց, որ 2009թ.-ից Հայաստանից գերան չի արտահանվում։ «2013 թ.-ին մի քանի խմ գերան մասնավորի կողմից արտահանվել է, և դա հիմնականում մասնավորի կողմից գնված փայտանյութ էր»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button