ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ գործընկերներին հիշեցրել է միասնական գործելու, այդ թվում նաեւ ղարաբաղյան հարցում, կարեւորությունը

«Մեր աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից»,- այսօր Սոչիում ՀԱՊԿ գագաթաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրին։

Հայաստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ փաստաթղթերում, այդ թվում նաեւ դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամները նշել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների,  մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության հիման վրա։

Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ հակադրություն կազմակերպության որդեգրած մոտեցմանը այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում անդամ պետությունները նույն հարցի կապակցությամբ ընդունել են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին:

«Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»,- ասել է Հայաստանի նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button