Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման


Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր է ճանաչել մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ և դատապարտեց 14 տարվա ազատազրկման։
Նույնչափ պատժաչափ է նշանակվել նաև Խաչատուր Պողոսյանի նկատմամբ, ում դատարանը մեղավոր է ճանաչել սպանության փորձը կատարելու և ապօրինի զենք պահելու, կրելու մեջ, իսկ Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սպանության փորձ կատարելու մեջ:
Դատավճռով դատարանը առանց քննության է թողել ամբաստանյալներից գումարների բռնագանձելու վերաբերյալ տուժող Պարույր Հայրիկյանի հայցը։
Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Փաստինֆո»- ին հայտնել է, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում։