Մի քանի օրից dasaran.am- ին կմիանա Սյունիքի մարզը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Տեղեկատվական այս նոր գործիքը հնարավորություն կտա նաև աշակերտի նախորդ ուսումնառության «Առաջընթաց», «Օրագիր» եւ «Մատյան» բաժինների տվյալները նոր դպրոցի տվյալների բազայում հասանելի դարձնել։ Այսինքն` աշակերտը մեկ այլ դպրոց կամ դասարան կտեղափոխվի նախորդ ուսումնառության ամբողջական նախապատմությամբ` իր անձնական էջով և նախկին տվյալներով, ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին և տնօրենին ձևավորել նոր աշակերտի առաջադիմության պատկերը։
Հավատարիմ մնալով իրենց գաղափարախոսությանը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով զարգացնել Հայաստանում կրթական ոլորտը, կայքը պատրաստվում է նորամուծությունների։ «Շուտով պատրաստվում ենք հայերեն լեզվի ուղղագրություն, հոմանիշ-հականիշ սովորրեցնող խաղեր ստեղծել, որպեսզի մեր աշակերտները ալտերնատիվ կրթական միջավայրում, այսինքն dasaran.am-ում, կարողանան թե’ հայերեն լեզվի ուղղագրությունը սովորել, թե՝ հոմանիշ-հականիշը, որպեսզի ավելացնեն իրենց բառապաշարը»,- ասում է կայքի հիմնադիր- նախագահ Սուրեն Ալոյանը։
Ծրագրի օգտատերերի «Ընտանիքին» ներկայումս անդամագրված է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների գերակշիռ մեծամասնությունը` 1400 դպրոցներից 757-ը։ Մի քանի օրից ծրագրին կանդամակցի նաև Սյունիքի մարզը։