Մերկելը գերմանական կառավարությունը կղեկավարի երրորդ անգամ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը նախօրեին կայացած համապետական ընտրություններում կրկին ստացել են ձայների մեծամասնությունը: Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին է քվեարկել ընտրողների 42 տոկոսը, որը կուսակցության ամենահամոզիչ ցուցանիշն է 1990 թվականից հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններում:
Սակայն այս ձայները Մերկելին հնարավորություն չեն տալիս խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել: Գլխավոր հարցն այժմ կոալիցիայի ձևավորումն է, քանի որ Քրիստոնեա-դեմոկրատական միության կոալիոցիոն գործընկեր Ազատ ժողովրդավարական կուսակցությունը չի կարողացել հաղթահարել Բունդեստագ անցնելու 5 տոկոսի արգելքը:
Հնարավոր է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ստիպված լինի ստեղծել «մեծ կոալիցիա» մրցակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը հավաքել է ընտրողների ձայների 26 տոկոսը: Սակայն Մերկելը կոալիցիայի մասին խոսելիս, նշել է, որ շատ վաղ է կոնկրետ ասել, թե ինչ են անելու: