ԿարևորՀասարակություն

Հանուն Հայաստանի ազատության բանտում անցկացրած իմ տարիների համեմատությամբ դա մանրուք է»,- Հայրիկյանը Սեդրակյանի դատավճռի մասին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր է ճանաչել մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ և դատապարտեց 14 տարվա ազատազրկման։ Նույնչափ պատժաչափ է նշանակվել նաև Խաչատուր Պողոսյանի նկատմամբ, ում դատարանը մեղավոր է ճանաչել սպանության փորձը կատարելու և ապօրինի զենք պահելու, կրելու մեջ, իսկ Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սպանության փորձ կատարելու մեջ։ 

«Դատավճռով նշանակված պատիժը իրականից 14 տարով ավելի է»,- այսպես արձագանքեց Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի  այսօր հրապարակած վճռին Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Իսկ ըստ հարապարակված դատավճռի՝  նախագահի նախկին թեկանծու Վարդան Սեդրակյանը  մեղավոր է նախագահի նախկին  մեկ այլ թեկնածուի՝  Պարույր Հայրիկյանի նկատմամբ 2012-ի հունվարի 31-ին կատարված սպանության փորձը կազմակերպելու մեջ: Վարդան Սեդրակյանն այսօր    դատապարտվել է   14 տարվա ազատազրկման:  Հիշեցնենք, մեղադրող կողմը 12 տարվա ազատազրկում էր պահանջել:

Սեդրակյանի փաստաբանը դատավճիռը խիստ, բայց ոչ անսպասելի է որակում : Թե նախաքննությունը, թե դատավարության ընթացքը,  Ալեքսանդր Սիրունյանի խոսքով, հուշում էին, որ նման դատավճիռ է սպասվում։ «Դատավարությունն  ընթացել է բազմաթիվ խախտումներով։ Այս գործը պիտի ավարտվեր մի քանի նիստով, բայց հատուկ ձգձգում էին: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի դատարաններով կյանքը չի ավարտվում»։

Սիրունյանն ասում է, որ դատական առաջին ատյանի վճիռը վերադաս ատյաններում անպայման բողոքարկելու են, անհրաժեշտության դեպքում՝ դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Առայժմ սպասում են դատավճռի տրամադրմանը: Այն ստանալուց և ուսումնասիրելուց հետո առավել մանրամասն կներկայացնեն իրենց մոտեցումները։

Դատավճիռը ոչ թե խիստ, այլ մեղմ է համարում տուժող կողմը: Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում վճիռը, Պարույր Հայրիկյանը նախ նկատեց, որ  որպես տուժող կողմ կարող է և անաչառ չլինել, բայց կփորձի լինել՝ որքան դա հնարավոր է։ «Քանի որ խոսքը վերաբերում էր ոչ թե ինձ (ես անձնական թշնամիներ չունեմ),  այլ՝  բոլորիս: Հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ Հայաստանի վրա  պետք է ճնշում գործադրել: Այս տեսանկյունից գործը հատուկ ուշադրության առարկա պետք է լիներ և կծիկը մինչև վերջ պետք է բացվեր»։

Հայրիկյանը կարծում է, որ մոտ 4 ամիս տևած դատաքննությունն այդպես էլ կծիկը մինչև վերջ չի բացել, թեև նախաքննական մարմինների աշխատանքը, ըստ նրա, այդ հնարավորությունը տալիս էր: Ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելուն, ապա Հայրիկյանը պատժաչափը դիտարկում է օրենքի տեսանկյունից։ «Միանգամից նշեմ, որ ինձ շատ չէր հետաքրքրում, թե նրանք ինչքան են ստանալու: Բայց եթե դատարանը մեղավոր է համարում, ապա օրենքը մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում է նախատեսում: Քսան տարվա և ցմահի համեմատությամբ 14 տարին բավականին մեղմ պատիժ է: Էլ չեմ խոսում, որ հանուն Հայաստանի ազատության բանտում անցկացրած իմ տարիների համեմատությամբ դա մանրուք է»:

Ըստ Հայրիկյանի ՝ դատաքննությունը չի բացահայտել գլխավոր պատվիարտուին։ «Այդ տեսանկյունից ոչ ես, ոչ էլ դուք չեք կարող գոհ լինել: Սեդրակյանը միջնորդ պատվիրատու է, միջնորդ պատվիրատուները մեզ չեն հետաքրքրում»։

Ի դեպ՝ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նաև փոխհատուցման հայց էր   ներկայացրել՝  դատարանից պահանջելով առողջությանը վնաս պատճառելու համար իր պաշտպանյալին վճարել 43 միլիոն 424 հազար դրամ փոխհատուցում: Այսօր հրապարակված դատավճռով դատարանը առանց քննության է թողել ամբաստանյալներից   նշված գումարը  բռնագանձելու  մասին տուժող կողմի  հայցը:

Ըստ Հայրիկյանի՝  դատարանն իրենց այդ հայցն առանց քննության է թողել, որովհետև այդ հարցին անդրադառնալու քաջություն չի ունեցել։ «Օրենքը պահանջում է, որ  հանցագործություն կատարածը փոխհատուցի իր արարքի հետևանքով պատճառված վնասը: Դատարանը մեր այդ հայցին չի անդրադարձել: Նախ՝  կա վերադաս դատարան, և, ի վերջո, դա դատարանի բացթողումն է, օրենքի նկատմամբ՝ քմահաճ վերաբերմունքի դրսևորում»։

Back to top button