Հասարակություն

Թուրքիայում եւ Վրաստանում արձանագրված երկրաշարժերը մտահոգել են հայ մասնագետներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում, որտեղ երկրաշարժերի ուժգնությունը կարող է հասնել մինչև 9 բալ` 12-բալանոց սանդղակով: Օրերս Վրաստանում և Թուրքիայում տեղի ունեցած ցնցումները մասնագետներին մտորելու տեղիք են տվել։

Տարեսկզբից մեր երկրի սեյսմիկ դիտացանցի միջոցով արձանագրվել է ավելի քան 3000 երկրաշարժ, որոնցից մեկ երրորդի պարագայում հաջողվել է պարզել դրանց օջախների չափանիշները: Վերջին օրերի երկրաշարժերից  ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը առանձնացրեց Վրաստանում և Թուրքիայում սեպտեմբերի 17-ին 16 ժամի տարբերության արձանագրված զգալի ցնցումները, որոնց ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Ըստ տիկին Թովմասյանի՝ երկրաշարժերի նույն օջախները ժամանակ առ ժամանակ գործում են, և այս առումով վերջին դեպքերը անակնկալ չէին սեյսմոլոգների համար։

Թույլ երկրաշարժերի միջոցով սեյսմիկ ներուժը կարող է և լիցքաթափվել և հանդիսանալ ուժեղ երկրաշարժի նախանշան, նկատում է ՍՊԱԾ պետի տեղակալը։ Առանձին դեպքերում սեյսմիկ ակտիվությունը լուրջ ուսումնասիրման կարիք ունի, ինչը, ավաղ, չարվեց 1988 թվականին։ Այսօր նման պատկեր չկա, սակայն ուժեղ երկրաշարժերի սպառնալիք մեր տարածաշրջանում միշտ էլ առկա է։

Իր գործընկերոջ հետ համաձայն է սՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։ Նորակառոյց շենքերը թեպետ ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային տարիների կառուցվածը, այնուամենայնիվ՝ կառուցապատման խտությունը մտահոգում է մասնագետին: Սեյսմակայուն շինարարարության գործող նորմերը շատ հաճախ կրում են խորհրդատվական բնույթ՝ արդյունքում կոպտորեն անտեսվելով։

Խորհրդային տարիների շենքերը, ըստ նախագծերի, հաշվարկված են եղել 7-բալանոց երկրաշարժերի գոտու համար, սակայն, ինչպես պարզվեց, իրական վտանգն ավելի բարձր է` 9 և ավելի բալ: Մյուս կողմից՝ շինարարության որակը այն տարիներին  բավականին ցածր է եղել, նաեւ մայրաքաղաքում։ Այնպես որ, սեյսմիկ անվտանգության կանոնները մեզանում պետք է առաջնային դեր խաղան։

Ցուցադրել ավելի
Back to top button