Հասարակություն

Երեւանի կենտրոնի գովազդային վահանակները կփոխվեն. ներկաները համահունչ չեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօրվանից Երևանի փոքր կենտրոնում, կոնկրետ Սայաթ- Նովա, Տերյան, Աբովյան, Թումանյան, Կորյուն, Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցի մի հատվածում, ապամոնտաժվելու են գովազդային մեծ վահանակները։ Նրանց փոխարեն տեղադրվելու են փոքր, աշխարհի զարգացած  քաղաքներում  օգտագործվող վահանակներ։ Պարզվել է, որ մայրաքաղաք Երևանի փոքր կենտրոնում   տասնամյակներ շարունակ տեղադրված գովազդային մեծ վահանակները պետք է տեղադրված լինեին ոչ թե կենտրոնում, այլ՝ մայրուղիների վրա։
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/230913govazd.mp3
«Երևանի փոքր կենտրոնում գովազդային մեծ ու միջին  չափի վահանակները   խոչընդոտում են  փողոցների տեսողական ընկալմանը,- ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ — Այսօրվանից՝ սեպտեմբերի 23-ից  սկսած , Երևանի փոքր կենտրոնում մինչև տարեվերջ ապամոտնաժվելու է 106 գովազդային վահանակ: Այսօրվանից առաջին փուլով ապամոնտաժվելու են Սայաթ- Նովա, Տերյան, Աբովյան, Թումանյան, Կորյուն, Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցը մինչև Խանջյան: Նոյեմբերին երկրորդ փուլով արդեն կապամոնտաժվեն փոքր կենտրոնի բոլոր գովազդային վահանակները։

Արտաքին գովազդը  չպետք է խոչընդոտի քաղաքի ընդհանուր ձևավորմանը, քաղաքի ընդհանուր ոճին, այլ պետք է համահունչ լինի և  ձուլվի քաղաքի ընդհանուր տեսքին, համոզված է քաղաքպետարանի պաշտոնյան, ով վստահեցնում է, որ  մասնավոր կազմակերպություններին առաջարկելու են   «աշխարհի ամենազարգացած քաղաքներում օգտագործվող գովազդային վահանակներ, որոնք համահունչ են լինելու մեր քաղաքի ընդհանուր ոճին»:

Քաղաքն ավելի գեղեցիկ ու հարմարավետ են  դարձնելու  թե երևանցիների, թե մայրաքաղաք ժամանող հյուրերի համար: Միայն թե նախատեսվող հերթական բարեփոխումների ընթացքում կրկին խաթարվելու է կենտրոնի բնակիչների անդորրը։ «Գովազդային վահանակները ապամոտնաժվելու են ուշ ժամերի, որպեսզի երթևեկությանը չխանգարեն, այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ ուզում եմ մեր քաղաքացիների ներմողամտությունը հայցել»,- ասում է Արազ Բաղդասարյանը։

Back to top button