ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին՝ կարող մարդիկ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, Սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ։

Մեր երկրի անկախության 22-րդ տարեդարձը ՀՀ hախագահի նստավայրում այսօր հավաքել էր տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով և վաստակով նպաստում են մեր երկրի անկախության ամրապնդմանը: Դիմելով ներկաներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ կարևորեց յուրաքանչյուրի ներդրումը պետության կայացման հարցում։ «Մեզնից յուրաքանչյուրը անհատապես և մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին և հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն և որպես երկիր»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Շնորհավորելով հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, երկրի ղեկավարը, նշեց. «Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթևանում: Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն: Ձեզ ի ցույց են դնելու որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի և ժողովրդի առաջ»։

Ի դեմս պարգևատրվածների՝ ներկայացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը վկայում է նրա մասին, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ։ «Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետև սա նաև առիթ է հանդիպելու և Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում»։

Back to top button