Քաղաքական

Շնորհավորական ուղերձներ. Պուտինը ՄՄ- ի, Օլանդը՝ ԵՄ- ի, Ծինփին՝ փոխադարձ հարգանքի մասին

Հայաստանի անկախության 22- րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել իր արտասահմանցի պաշտոնակիցներից։

Վլ. Պուտին. Հայաստանի՝ ՄՄ միանալը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին
«Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները»,- իր շնորհավորական ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վստահություն հայտնելով, որ «մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»։
Ֆ. Օլանդ. Ֆրանսիան լիակատար աջակցում է Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությունը
«Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը: Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում»,- նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ընդթելով այն կարեւորությունը, որ «Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին»։
Սի Ծինփին. Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

Ցուցադրել ավելի
Back to top button