Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, ի՞նչ գիտենք դրանց մասին


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/210913simbol.mp3
Ժողովրդի հերոսական մաքառումների արդյունքում 1918 թ մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձավ կազմակերպված պետություն՝ իրեն բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով` իշխանության մարմիններ, տնտեսական-քաղաքական համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական կապեր ու նաև պետական խորհրդանիշեր` դրոշ, զինանշան և օրհներգ։ 1991 թվականին հռչակված Հայաստանի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշերը։
Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշերի գոյությունն ինքնանպատակ չէ, դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն: Որքանո՞վ են մեր հայրենակիցները տիրապետում այդ խորհրդանիշերին առնչվող տեղեկատվությանը, գիտե՞ն արդյոք ` ինչ են խորհրդանշում եռագույնի երեք երանգները, ինչ է պատկերված հայկական զինանշանի վրա կամ հիշո՞ւմ են արդյոք հիմներգից գոնե մեկ հատված: Պարզելու համար փոքրիկ հարցախույզ մեզ քաջածանոթ երևանյան վերնիսաժում:
Հարցախույզի մասնակիցների մեծ մասի պատասխանները թերի էին և կցկտուր, չնայած փաստին, որ հարցումներն անում էինք վերնիսաժի այն հատվածում, որտեղ վաճառվում են հայկական փոքրիկ դրոշներ, զինանշաններ, դրանց պատկերով հագուստ։ Հարցախույզը պարզեց, որ ի տաբերություն արական սեռի, կանայք, հատկապես երիտասարդ աղջիկները, ավելի լավ են տեղեկացված` ինչ են խորհրդանշում հայկական դրոշի երեք գույները, ինչ է պատկերված զինանշանի վրա: Նրանցից ոմանք անգամ օրհներգից հատվածներ հիշեցին։
Եվ վերջում՝ հիշեցնենք՝ ՀՀ պետական դրոշը եռագույնն է` կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է հայկական բաձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը հայի արարչական տաղանդի և աշխատասիրության խորհրդանիշն է :
Հայկական զինանշանի կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը Նոյյան տապանով, կենտրոնում` վահանի վրա, պատկերված են պատմական Հայաստանի չորս թագավորությունների`Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների և Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը: Վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն: ՀՀ զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, հայկական թագավորություններինը` կարմիր և կապույտ, վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է: Նշված գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները:
ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ հուլիսի 1-ի որոշմամբ որպես երկրի օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի խոսքերով և Բարսեղ Կանաչյանի երաժշտության հիման վրա ստեղծված առաջին հանրապետության օրհներգը, որի առաջին տողերն են` «Մեր հայրենիք ազատ, անկախ, որ ապրել է դարե դար, յուր որդիքը արդ կանչում են ազատ, անկախ Հայաստան»: