Քաղաքական

Ի՞նչ են նախատեսելու սահմանադրական փոփոխությունները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահը սեպտեմբերի 4-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր ստորագրեց: Նախաձեռնությունը, ըստ փաստաթղթի, բխում է Հայաստանում հիմնարար իրավունքների  ու ազատությունների կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից։ Թե հատկապես որ խնդիրներն են լինելու հանձնաժողովի տեսադաշտում, որ փոփոխությունների նախապատրաստումն է առաջնահերթ լինելու, առայժմ պարզ չէ: Հայտնի է, որ հանձնաժողովը մինչև 2014-ի ապրիլի 20-ը հանրապետության նախագահին պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, հավանություն ստանալուց հետո առնվազն տասը ամսվա ընթացքում պետք է պատրաստվի արդեն  բարեփոխումների նախագիծը:


Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովը մասնագիտական է, համենայն  դեպս դրանում ընդգրկված անձինք ներգրավվել են ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական նկատառումներով։ Հանձնաժողովը գլխավորում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դրա կազմում են նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նույն նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, զինդատախազ, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտստի դեկան  Գագիկ Ղազինյանը, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, սահմանադրագետ  Վարդան Պողոսյանը։

Թե հատկապես որ խնդիրներն են լինելու հանձնաժողովի տեսադաշտում,  որ փոփոխությունների նախապատրաստումն է առաջնահերթ լինելու, նախատեսվո՞ւմ են արդյոք համակարգային փոփոխություններ, թե՞ ոչ , առայժմ պարզ չէ: Հանձնաժողովի անդամները դեռ  չեն մանրամասնել այս հարցերի պատասխանները: Նրանք նշում են, որ սա աշխատանքի միայն առաջին փուլն է, իսկ փոփոխությունների մշակման վրա աշխատանքը մի քանի փուլ պետք է անցնի։

Ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ օրինակ, հանձնաժողովը կարող է քննարկել փոփոխությունների ցանկացած տարբերակ  և չունի որևէ կաշկանդում։ «Հանձնաժողովը,  քննարկումներում համենայն դեպս, որևէ կաղապար չունի, թե այս հարցը մեր քննարկման շրջանակից դուրս է ու չի կարող քննարկվել: Սա առաջին փուլն է, սա մասնագիտական հանձնաժողով է»։

Այլ մեկնաբանություններ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներոի, անելիքների ու խնդիրների մասին առայժմ չկան: Փոխարենն այս ընթացքում առատ են մեկնաբանությունները քաղաքական և մասնագիտական շրջանակներում: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն, օրինակ, վերջին շրջանում տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանում սահմանադարական փոփոխությունների անհրաշետություն կա: Սահմանդրության մեջ կան դրույթներ, որոնց գոյությունն այսօր  արգելակող բնույթ ունի: ՍԴ անդամի կարծիքով ՝ արագ փոփոխությունների կարիք ունեցող ոլորտները մի քանիսն են ՝ դատական համակարգ, սեփականության պաշտպանություն, տեղական ինքնակառավարման համակարգ:

Դատական համակարգի ու սեփականության պաշտպանության սահմանադրական երաշխիքները, ըստ ՍԴ անդամի, առավել քան փոխկապակցված են։ «Եթե քո սեփականությունը չի պաշտպանվում դատարանում որպես միակ ու անաչառ խնդիրները  վերջնական լուծող ինստիտուտում, ուրեմն այդ սեփականությունը կամ ընդհանրապես չի պաշտպանվում, կամ պաշտպանվում է հայավարի»:

Ըստ Թոխյանի՝ ստացվում է, որ դատական իշխանության ոչ անկախ վիճակը սպառնում է երկրի տնտեսական զարգացմանը։ Դատական իշխանությունից ավելի հաճախ քաղաքացին ստիպված է լինում առնչվել մեկ այլ համակարգի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին: Երկրորդ հարթությունը, որտեղ ՍԴ անդամը փոփոխությունների  կարիք է տեսնում, տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտն է: Այս համակարգը նույնպես, ինչպես դատականը, ըստ Թոխյանի, անցած 20 տարիների ընթացքում այդպես էլ չի կայացել։ «Այո, ունենք պետական հզոր տարածքային կառավարում, բայց այն մարմինը, որ մեզ ամենամոտն է և պետք է լուծի մեր ամենօրյա խնդիրները, այսօր անիրավ է և ամենակարևորը՝ աղքատ»։

Հայաստանիվարչատարածքային բաժանումը նույպես, ըստ մասնագետների, իրեն չի արդարացնում և այս հարցն էլ թերևս հանձնաժողովի կողմից չի շրջանցվի:

Իսկ հիմնական հարցը մեկն է՝ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաև կառավարման համակարգի փոփոխությանը: Սա հենց այն խնդիրն է, որն  առանցքային է  քաղաքական ուժերի համար:  Այն պարբերաբար, հատկապես ընտրությունների շրջանում, հայտնվել է քաղաքական օրակարգում և դարձել ընդդիմություն- իշխանություն բանավեճի առարկա։

Ընդդիմադիր ուժերի մեծ մասը կառավարման խորհրդարանական համակարգի կողմակից է և պարբերաբար բարձրացրել է այդ անցումն իրականացնելու անհրաժեշտության հարցը, ինչին իշանությունը հակադարձել է ձևակերպմամբ, թե կառավարման համակարգի փոփոխության հարցը Հանրապետական կուսակացությունն օրակարգային չի համարում և կարծում է, որ գործող համակարգն իրեն առայժմ չի սպառել: Ի դեպ՝ նույն պնդումը մասնագիտական հանձնաժողովի ստեղծումից հետո հնչեցրեց նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՍԴանդամՖելիքսԹոխյանըհիշեցնումէ.  խորհրդարանական, թե՝ նախագահականը  վեճը սկսվել է 90-ականներից ուշարունակվումէմիչեւայսօր։ Գործող սահմանադրության հիմքում,  ըստ նրա,    կառավարման խառը համակարգն է ՝ հիմնված ֆրանսիական մոդելի վրա։ «Ես այն համոզմումն ունեմ, որ մեր երկրի խնդիրների պատճառը կառավարման համակարգը չէ: Չվիրավորեմ որևէ մեկին, բայց անտեղյակությունից են գալիս այն հայտարարաությունները, ըստ  որոնց՝ կառավարման նախագահական  համակարգն ընտրելու դեպքում Հայաստանը դատապարված է լատինաամերիկյան բռնապետություն, իսկ խորհրդարանականի դեպքում ՝ Շվեյցարիա դառնալ»։

Պատմությունն  այս տրամաբանությանը հակասող բազմաթիվ օրինակներ ունի, ասում է ՍԴ անդամը՝ ընդգծելով, որ ինքը   կողմնակից է ոչ թե լայնամասշտաբ ու համակարգային, այլ՝ նպատակային ու  կետային փոփոխությունների։

 

Ցուցադրել ավելի
Back to top button