ԿարևորՀասարակություն

Անկախությունը՝ ըստ ՀՀ նախկին վարչապետերի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
22 տարի առաջ այս օրը Հայաստանում անցկացված հանրաքվեում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ 


Անցած 22 տարիները լի էին  ձեռքբերումներով և բացթողումներով:  Սա այն օրն է, երբ ի մի են բերվում  արվածն ու չարվածը,   1990-ականների տարիները դժվարին ու բարդ էին, սակայն հայ ժողովուրդը   անվերապահ հավատ ուներ  անկախության ու  հատկապես երկրի ապագայի նկատմամբ:  «Այդ շրջանը լի էր սխալներով, կորուստներով, սայթաքումներով, որոնք  ունեին  և  օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ», անկախության տարիները ամփոփում է կառավարության նախկին ղեկավարներից Խոսրով Հարությունյանը։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք մտովի մի հետադարձ հայացք է ձգում այդ ճանապարհին և պետք է փաստեր, որ այդ ճանապարհը, այդ շրջանը հարուստ էր սխալներով, կորուստներով, սայթաքումներով: Դրանք ունեցել են և օբյեկտիվ, և սուբյետիվ պատճառներ: Մեծ մասը կարող եմ ասել օբյեկտիվ, բայց մեծ իմաստով ընդհանրացման արդյունքում կարող ենք ասել, որ մեր զարգացման վեկտորը դրական է»,- ասում է նախկին վարչապետը։

Երրորդ հանրապետության առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը գիտի, որ  շատ ու շատ մարդիկ են դառնացած, նրանց մի մասը թողել է Հայաստանն ու հեռացել,  տարիների ընթացքում  ավելացել են դժգհությունները, երբեմն դրանք պետության ու ազգի  հասցեին են ուղղվում, սակայն «Անկախությունը  մեծ արժեք է, քեզանից են կախված  քո քայլերը: Իհարկե՝  լրիվ անկախ լինել չես կարող:  Եթե մեր երկրում վիճակը վատն է, միավորվենք, փոխենք, բայց ոչ թե դժգոհենք մեր երիկրից, սա  մեր երկիրն  է»,- ասում է Վազգեն Մանուկյանը։

Ազգովի ենք անցել պատերազմի ու խաղաղության փորձությունների միջով, և ամբողջ աշխարհին ապացուցել ենք, որ արժանի ենք անկախ երկիր ունենալու:  Յուրաքանչյուրս ենք պարտավոր մեր հնարավորությունների չափով ներդրում ունենալ մեր անկախության պահպանման ու երկրի զարգացման գործում: Նորանկախ հանրապետության նախկին վարչապետերից Արմեն Դարբինյանը կարծում է, որ  պետությունից պետք չէ ոչ մի բան սպասել, պետությանը պետք է տալ, պետությունը գերագույն աժեք է, որին մենք բոլորս պետք է ծառայենք։ «Պետությունը  մեր գործունեության վայրն է, մենք մշտապես պարտք ու պարտական ենք մեր երկրին, մենք պետք է ծառայենք մեր երկրին` ոչ մի բան չանկանկալով  և սպասելով , որովհետև ուժեղ և հզոր պետությունը բոլորիս պահապանն է  լինելու  առանց մեր սպասումների»,- ասում է նախկին վարչապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button