Տնտեսական

Սյունիքում կառուցված սպանդանոցը ոչխարի «հալալ» միս կարտահանի Իրան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում այսուհետ կգործի մորթման արտադրամաս, որտեղ նախատեսվում է իրականացնել մանր եղջերավոր անասունների մորթ: Մորթից հետո ոչխարի միսը, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, կարտահանվի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն եւ կիրացվի այնտեղ:  Մասնագետների կարծիքով՝ մորթման արտադրամասի`սպանդանոցի  առկայությունը  կխթանի ոչխարաբուծության զարգացումը։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/200913spandanoc.mp3

Ոչխարաբուծության զարգացման համար Սյունիքի մարզում կառուցված սպանդանոցը լուրջ խթան կհանդիսանա, քանի որ մարզը ոչխարաբուծությամբ առաջատարն է հանրապետությունում: Միայն այս տարի ոչխարների քանակն ավելացել է շուրջ 15,5 տոկոսով` գերազանցելով հարյուր հազարի սահմանագիծը։ Ի դեպ՝  ըստ պայմանավորվածության՝ ոչխարի միսը Սյունիքից կարտահանվի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն եւ կիրացվի այնտեղ։

Ներկա դրությամբ նախատեսվում է օրական 100-150 գլուխ ոչխարի մորթ կատարել, իսկ հետագայում պահանջարկի ավելացման դեպքում՝ այն կհասցվի մինչեւ 250-ի: Սկզբնական շրջանում մեկ հերթափոխով կատարվելիք աշխատանքներին ներգրաված կլինի մոտ 35 տեղացի աշխատակից, 3 աշխատակից էլ կլինի Իրանից, այդ թվում՝ նաև մոլան։ Նկատենք, որ խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթման արտադրամասերում Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանելու համար կլինեն մորթման հատուկ չափանիշները, որոնք կվկայեն մսի «հալալ» մակնշումը։

«Ռադիոլուրի» հետ զրուցում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին նշում է, որ  ոչ միայն Իրանում, այլ նաև Պարսից ծոցի առափնյա շատ երկրներում, անգամ արևմտյան երկրներում հիմա շատերն են ձգտում օգտագործել այն մսեղենը, որոնք «հալալ» մակնշում ունեն։

Նշենք, որ մահմեդականների համար մսի «հալալ» մակնշման համար գոյություն ունեն մորթման հատուկ չափանիշներ, որոնք միայն իրենք կարող են պահպանել: Կարևոր չափանիշներից մեկն այն է, որ կենդանուն մորթելուց առաջ պետք է աղոթք անել, իսկ կենդանու գլուխը պետք է դեպի արևելք ուղղված լինի և այլն:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի  ՏԻՄ համակարգող Սեյրան Ավետիսյանը նշում է, որ սպանադանոցը կնպաստի ոչխարաբուծության զարգացմանը: Սյունիքում ոչխարաբուծությունը հիմնականում զարգացած է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, իսկ Կապանի տարածաշրջանում այն նոր է սկսում զարգանալ։ Ոչխարներ կբերվեն ոչ միայն Սյունիքի մարզի տարածաշրջաններից, այլեւ  հանրապետության բոլոր մարզերից, ԼՂՀ- ից, հետագայում նաեւ այլ վայրերից։

Back to top button