Քաղաքական

Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովը շարունակվում է

Սեպտեմբերի 20-ին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գ. Հարությունյանը ողջունեց հյուրերին և կարևորեց, որ սփյուռքահայ մտավորականները համախմբվել են համահայկական հիմնախնդիրների լուծման շուրջ, քանի որ մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ մոտեցումները պետք է միասնական լինեն: Նա վստահություն հայտնեց, որ Սփյուռքի ներուժի համախմբումը իր դրական արդյունքը կտա համազգային խնդիրների լուծման գործում:

ՍԴ նախագահը ներկայացրեց ՀՀ-ում սահմանադրաիրավական ոլորտի բարեփոխումներին վերաբերող խնդիրները, սահմանադրական մշակույթի ձևավորման, այս գործում այլ երկրների փորձի ուսումնասիրումը և կիրառումը։

Համաժողոն իր աշխատանքը շարունակեց Սփյուռքի նախարարությունում, որտեղ համաժողովի մասնակիցները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բարձր գնահատեց սփյուռքում գործող իրազեկման կառույցների գործունեությունը: Նա մասնավորապես ասաց. «Այս համաժողովը հնարավորություն է ընձեռում գնահատելու ձեռքբերածը և ուղղելու սխալները, լսելու միմյանց կարծիքները: Ձեր ներկայությունը հավատ ու վստահություն է ներշնչում, որ մենք առաջիկայում մեր հայրենիքը կտեսնենք այնպես« ինչպես երազում ենք: Այն, որ մեր բոլոր դժվարությունները հաղթահարվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, անժխտելի ու անվիճելի իրողություն է: Մենք պետք է գիտակցենք, որ արցախյան ազատամարտը սկսվեց, որ այլևս ցեղասպանություն չլինի: Կարծում եմ, դուք առավել ակտիվորեն պետ է ձեր ջանքերը ներդնեք Արցախի հիմնախնդրի իրազեկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործում»:

Տեղի ունեցավ կառուցողական քննարկում, այնուհետև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին, բարձր գնահատեց նրա ներդրումը Արցախյան ազատամարտում և ԼՂՀ կայացման գործում: Նախարարը հույս հայտնեց« որ սփյուռքի 30000 հայկական կազմակերպություններն ու հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցները նոր եռանդով կգործեն` նպաստելով համահայակական խնդիրների լուծմանը:

Համաժողովի երկրորդ օրն ամփոփվեց ՀՀ նախագահական նստավայրում: Մասնակիցները հանդիպում ունեցան Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button